Հայաստանի Ազգային պատկերասրահի Ջերմուկի պատկերասրահ մասնաճյուղը հիմնադրվել է 1972թ-ին: ՀԱՊ-ի հավաքածուից այստեղ ներկայացված են խորհրդահայ և ժամանակակից մշակութային հարուստ ժառանգության ընտիր ցուցանմուշներ:
Այսօր Ջերմուկի պատկերասրահում ցուցադրվում են 84 գեղանկարչական աշխատանք, 11 քանդակ և 3 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ։ Մշտական ցուցադրությունից բացի, Ջերմուկի պատկերասրահում պարբերաբար կազմակերպվում են ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են ինչպես Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուն, այնպես էլ տեղի արվեստագետների և քաղաքի արվեստի երկու դպրոցների սաների աշխատանքները:
Վերջին տարիներին Ջերմուկի պատկերասրահը տարբեր ծրագրի շրջանակներում մեթոդական և ֆինանսական աջակցություն է ստանում ամերիկյան «Սմիթսոնյան» կազմակերպությունից։ Այդ աջակցության շնորհիվ Ջերմուկի տարածքում տեղադրվել են պատկերասրահի գովազդային վահանակները և հրատարակվել եռալեզու բուկլետներ։ Պատկերասրահում տեղադրվել են թանգարանային նստարաններ, որոնք հարմարավետ են դարձնում կրթական դասընթացներն ու այլ մշակութային միջոցառումներ։ Վերոնշյալ ծրագրի շրջանակներում Ջերմուկի պատկերասրահը ստացել է 15 նկարակալ` համապատասխան աթոռներով, ներկեր և վրձիններ, ինչը հնարավորություն է տալիս իրականացնելու տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված գիտակրթական ծրագրեր։