Աշխարհագրական դիրքը
Ջերմուկը գտնվում է ծովի մակերևույթից 2080մ բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով:Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում, Վայոց ձորի մարզում,(պատմական Սյունիք նահանգի Վայոց ձորի գավառի տարածքում), մարզկենտրոնից 50կմ հյուսիս-արևելք,մայրաքաղաք Երևանից 173 կմ հեռավորության վրա:
Վարչական տարածքը ՝շուրջ 5.5 հազար հեկտար է:Երևանի հետ կապվում է երկու ավտոմայրուղիներով, որոնցից Ջերմուկ-Երասխ-Երևան մայրուղին ավելի կարճ է և կազմում է շուրջ 170 կմ:Քաղաքը Երևան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց գտնվում է 24կմ հեռավորության վրա:
Քաղաքը շրջափակված է 2500-3000 մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով:Շրջապատն անտառապատ է:Անտառների մի մասը տնկել են 1980-1990-ական թվականներին:
Բնակլիմայական պայմանները
Ջերմուկը ունի լեռնային կլիմա: Ամառը՝ զով է, ձմեռը՝ երկարատև և ձյունառատ: Արևափայլի տևողությունը կազմում է տարեկան 2300 ժամ: Օդի օրական միջին ջերմաստիճանը Ջերմուկում կազմում է՝ գարնանը՝+0.40 C, ամռանը ՝+15.30C, աշնանը՝+4.90C, ձմռանը՝-90C: Հունվարի միջին ջերմաստիճանը -90C է,նվազագույնը՝-350C, հուլիսինը՝180C, առավելագույնը՝ 320C, տարեկան տեղումները՝ մոտ 800մմ, հարաբերական խոնավությունը՝ 45-48%, արևափայլքի տևողությունը ՝2340 ժ:
Պատմական ակնարկ
Բնակավայրը հիշատակվում է սկսած XIII դարից՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Նահանգին Սիսական» աշխատության մեջ։ Սակայն քաղաքի տարածքում գտնվող հին կիկլոպյան ամրոցի և VIII դարի եկեղեցու ավերակներն ու մնացորդները խոսում են այն մասին, որ հանքային ջրերի ակունքների մոտ գտնվող Ջերմուկ բնակավայրը գոյություն է ունեցել շատ վաղուց։
Ջերմուկի տեղում նախկինում եղել է հայկական Ջերմուկ գյուղը: Հետագայում այն օտարեկրացիների կողմից ավերվել է և նրա փոխարեն նոր գյուղ են կառուցել, որը թարգմանաբար կոչել են Իստիսու: Ջերմուկ է վերանվանվել 1924 թվականին։
Քաղաքին է պատկանում նաև 3 կմ հարավ-արևմուտքում գտնվող Կեչուտ գյուղը։ 2016 թվականին «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Ջերմուկ քաղաքային համայնքին են միավորվել նաև Գնդեվազ, Հերհեր և Կարմրաշեն գյուղերը:
Արփայի մեջ թափվող վտակի գետաբերանի մոտ առաջացել է մի քանի տասնյակ մետր բարձրության հանքային ջրվեժ: Հայտնի է հատկապես Արփայի աջ և ձախ ափերին գտնվող՝ թվով 36 բուժիչ տաք աղբյուրներով՝ ջերմուկներով, որոնք ունեն հիդրոկարբոնատա-սուլֆատային բաղադրություն։ Շրջակայքում կան նաև “Նարզան” տիպի ջուր, բուժիչ ցեխ, ապակու հումք (կվարցիտներ)։
Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունաց Իշխանների կողմից՝ ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Այդ մասին են վկայում միջնադարում կառուցված լողավազանի մնացորդները, որոնք վերակառուցվել և վերականգնվել են 1860-ական թվականներին ցարական պրիստավ Գևորգ Խանագյանի կողմից, և այժմ էլ ժողովրդի կողմից լողավազանը կոչվում է «Պրիստավի գյոլ»: Չնայած պատմական հարուստ անցյալին, այսօրվա նոր քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին՝ առաջին առողջարանի կառուցման ավարտով։
Հետագա տարիներին Ջերմուկը կառուցվել ու կառուցապատվել է, ստեղծվել են բոլոր հնարավորությունները ինչպես բնակչության, այնպես էլ հանգստացողների ակտիվ հանգստի, առողջության վերականգնման և զբոսաշրջության համար։
Ջերմուկի առաջին գլխավոր հատակագիծը կազմվել է 1945 թվականին ճարտարապետ Պ.Մսրյանի կողմից,1952 թվականին ՝ երկրորդը,որը կազմել է ճարտարապետ Փ.Մանուկյանի կողմից, իսկ վերամշակվել է 1960-1962 թվականներին, որով և սկսվել է Ջերմուկի կառուցապատման նոր փուլը:Արփայի կիրճի վրա 1975 թվականին կառուցված մեծ կամուրջը , հնարավորություն է տվել բնակելի շինարարությունը կենտրոնացնել ձորի ձախափնյակում ՝ երկու միկրոշրջանների բնակիչների համար:1967 թվականին քաղաքը ձեռք է բերում հանրապետական նշանակության քաղաքի, իսկ 1970 թվականին՝ համամիութենական նշանակության առողջարանի կարգավիճակ։ 1980-ականներին քաղաքն ուներ շուրջ 10 000 բնակիչ, շուրջ 2 000 մահճակալով առողջարանների ու պանսիոնատների ցանց՝ ակտիվ հանգստի և բուժման համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքներով ու ծառայություններով։ Օբյեկտիվ պատճառներով առողջարանային քաղաքի ակտիվ կյանքը 1990-ականներից մեծ տեղատվություն ապրեց, որը սկսեց աշխուժանալ 1990-ական թվերի վերջերից։
Ջերմուկում հայտանաբերված հին ավազանի մնացորդները վկայում են, որ միջին դարերում մարդիկ օգտվել են ջերմուկներից:Հին ավազանը կարգավորվել է 19-րդ դարի երկրորդ կեսերին,երբ Ջերմուկը մտավ Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի մեջ:
Բնակչությունը
1988-1989 թվականներին ադրբեջանցիները արտագաղթել են Ադրբեջան՝Ադրբեջանում սկսված հայակական կոտորածների պատճառով,իսկ 1988 թվականներին այստեղ են բնակվել Բաքվից,Սումգայիթից,Մինգիչաուրից,Բարդայից և Նախիջևանից բռնագաղթած շուրջ 1154 հայեր:
Այժմ Ջերմուկի բնակչությունը կազմում է 5833 մարդ,որից
տղամարդիկ կազմում են 2777 մարդ
կանայք ՝ 3056 մարդ
0-4 տարեկան՝ 117 մարդ
5-9 տարեկան՝ 220 մարդ
10-18 տարեկան ՝ 240 մարդ:
Աշխատունակ բնակչության թիվը կազմում է՝3546 մարդ, իսկ տնային տնտեսությունների թիվը՝ 1434:
Կենսաթոշակառուների թիվը՝ 1478 է, իսկ հաշմանդամներինը՝ 207, որից
I խմբի հաշմանդամների թիվը՝ 41 է
II խմբի հաշմանդամների թիվը՝ 72
III խմբի հաշմանդամների թիվը ՝ 95
մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաների թիվը՝ 7:
Տնտեսությունը
Քաղաքում կան արդյունաբերական ձեռնարկություններ, որոնցից ամենախոշորը Ջերմուկ Գրուպ ՓԲԸ-ն է՝հանքային ջրերի գործարանը (1949 թվական), քարհանքեր, ՀԷԿ, պանրի գործարան, գործում են նաև տասնյակից ավելի հյուրանոցներ և առողջարաններ:
Ջերմուկի գործարանը տարեկան արտադրում է մի քանի տասնյակ միլիոն շիշ Ջերմուկ: Գործարանի հանքային ջուրը մաև արտահանվում է այլ երկրներ:
Հանքային ջրերը ածխաթթվային ,հիդրոկարբոնատ-սուլֆատ-քլորիդային, նատրիում-կալցիում, մագնեզիումական ջրերի շարքին են դասվում:
Ջերմուկի ջրերը իրենց քիմիական կազմով նման են Ժելեզնովոդսկի և Կառլովի Վարիի հանքային ջրերին:
Քաղաք առողջարանը այսօր հանգստացողներին ու զբոսաշրջիկներին է առաջարկում առողջարանների, հյուրանոցների, ըմպելասրահի, լողավազանների, մարզահրապարակների, հասարակական սննդի օբյեկտների , բարերի ու սրճարանների ծառայությունները:
Առողջարանային բուժման համալիրն ընդգրկում է հանքային տաք ջրի ներքին և արտաքին օգտագործումը, բուժական սնունդը, մարմնամարզությունը, քայլաբուժությունը,ֆիզոթերապեվտիկ և դեղորայքային բուժումը և առողջարանային ռեժիմը:
Ջերմուկում բուժվում են ստամոքսաղիքային համակարգի, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, հենաշարժական ապարատի, ծայրամասային նյարդային համակարգի և նյութափոխանակության խանգարումներով տառապողները:
Ջերմուկն իր ակտիվ մասնակցությունն ունի շախմատային բազմաթիվ առաջնությունների ու հուշամրցաշարերի անցկացման գործում, որոնցից մի քանիսը դարձել են բարի ավանդույթ: 2006 թվականին սկսած Ջերմուկում են անցկացվում շախմատի միջազգային պատանեկան մրցաշարերը: 2007 թվականից սկսած Ջերմուկւոմ անցկացվում են մի շարք միջազգային մրցաշարեր և առաջնություններ, որոնց թվում նաև Կարեն Ասրյանի անվան միջազգային և Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարերը:
Ջերմուկում գործում է 3 հատ հանրակրթական դպրոց, 2 հատ արվեստի դպրոց,1 մանկապարտեզ, 1 առողջության կենտրոն, Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկ մասնաճյուղը, 3 բանկերի մասնաճյուղեր, թվով 7 առողջարաններ,7 հատ հյուրանոցներ և ճոպանուղին:

English
Русский