ՀԵՐՔՈՒՄ: Aravot.am կայքում տեղադրված նյութին
Հունիսի 28-ին aravot.am կայքը տեղադրել էր հարցազրույց Գյումրիում տեղակայված տուրիստական ընկերություններից մեկի հիմնադիր Գոռ Թորոսյանի հետ, որի հայտնած տեղեկատվության ճշմարտացիությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս:
Հոդվածում Թորոսյանը հայտնում է, որ գյումրեցիները գերադասում են հանգստանալ Վրաստանի ծովափնյա քաղաքներում, քանի որ հայկական հանգստավայրերի, մասնավորապես, Ջերմուկի հյուրանոցների արժեքներն «անտրամաբանական» բարձր են կամ «աստղաբաշխական»: Ցավոք, aravot.am-ի մեր գործընկերները ժամանակ չեն ծախսել այս տեղեկատվությունը Ջերմուկի առողջարաններից ճշտելու վրա, այլապես կտեղեկացվեին, որ ցանկացած առողջարան կամ հյուրանոց կարող է առանց որևէ դժվարության բացատրել և հիմնավորել իր գնագոյացությունը: Բացի դա, բոլոր արժեքները և դրանցում ներառված ծառայությունները հասանելի են հանրությանը բազմաթիվ հարթակներում:
Հարց. Եթե Գյումրիի հյուրանոցներում մեկ անձի միջին արժեքը 10 000-12 000 դրամ է և ներառում է ԲԱՑԱՌԱՊԵՍ նախաճաշ լավագույն դեպքում, կարելի՞ է արդյոք պնդել, թե, դիցուք, անձը 20 000-25 000 դրամը, որը ներառում է բարձր որակի երեքանգամյա սնունդ, մոտ 35 տեսակի բուժատեսակներ, մանկական սենյակի և դայակի ծառայություններ, խաղասենյակ, լողավազան, շոգեբաղնիք, ջակուզի և մարզասրահ, «աստղաբաշխական» թանկ է:
Արդեն ավանդական դարձած մասնագիտական էթիկայի բացակայությունը զբոսաշրջության ոլորտում գնալով հավասարվում է լրագրողական թերի աշխատանքի դրսևորումներին: Հայրենական արտադրողներին, եվրոպական առողջարանների հետ մրցունակ ծառայություն մատուցող հյուրանոցային, առողջարանային տնտեսություններին վարկաբեկելն ու այլ երկրի ծովափնյա հանգստի էժանության հետ համեմատելը նույնչափ էժան և անհայտ է, թե ում ձեռնտու քայլ է:

English
Русский