Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի

Զորաց եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան ծայրին` ոչ բարձր բլուրի վրա: Ճարտարապետական հորինվածքը անսովոր է. ունի արևելյան մաս` խորանով և եզրային ավանդատներով, զուրկ է դահլիճային մասից. վերջինիս փոխարինում է եկեղեցու առջևի հրապարակը: Հուշարձանի հազվագյուտ ձևըորոշ ուսումնասիրողների ենթադրել է տվել, որայն նախատեսված է եղել պատերազմ մեկնողզորքերի համար. այստեղից էլ նրան տրված «զորաց» անվանումը:
 
Եկեղեցու խորանը երկու կամարակիրսյուներով բաժանվում է երեք մասի: Արևմտյան պատի ամբողջ կենտրոնական մասը գրավում են երեք լայնանիստ կամարները, որոնց շնորհիվ խորանն իր ամբողջ բացվածքով տեսանելի է դրսից: Այս պատի լայնքով ներսից մի լայնաթռիչք կամար է ձգվում, որի թռիչքը հավասար է խորանի թռիչքին: Կամարն իր վրա կրում է եկեղեցու արևմտյան պատի վերին մասերի ամբողջ որմածքը և դրսից տեսանելի չէ: Մեկ մետր բարձրությամբ բեմի վրա դրված է սեղան: Կիսաշրջան խորանը կենտրոնում ունի դեպի դուրս նեղացող մեկ պատուհան: Նման մի պատուհան էլ բացվում է արևմտյան հատվածի վերնամասի կենտրոնում: Երկու ավանդատներն էլ ունեն արևմուտքում բացվող մուտքեր, արևելքից բացվող մեկական պատուհաններ, երեքական խորշեր, փոքրիկ խորան և ցածր բեմ: Հյուսիսային ավանդատունը մուտք ունի դեպի բեմ: Արևմտյան ճակատի վերնամասում ագուցված են երեք փոքրիկ խաչքար:
 
Եկեղեցու հարավային ճակատին արևային ժամացույց է քանդակված, իսկ արևելյան ճակատի վերին եզրամասերում` մեկական հավերժության նշաններ: Արևելյան ճակատնունի եռանկյունաձև երկու խորշեր, որոնց վերնամասերն ավարտվում են կիսաշրջանպսակներով: Կենտրոնական պատուհանն առնված է բարձրաքանդակ խաչապատկերի մեջ:
 
Եկեղեցու պատերին պահպանվել են արձանագրություններ, որոնցից առավել ուշագրավ է արևելյան ճակատինը: Եկեղեցու արևելյան ճակատի հյուսիսային խորշի կիսաշրջան պսակի հարթ և թեք մակերեսներին փորագրված է հետևայալ շինարարական արձանագրությունը.«ԵՍ ՏՐ ՍՏԵՓԱՆՈՍ, ՈՐԴԻ ՋԱԼԱԼԻՆ, ԹՈՌՆ ՄԵԾԻ ՏԱՐՍԱԻՃԻՆ ՀԻՄՆԱՐԿԵԼ ՇԻՆԵՑԻ ԵԿԵՂԵՑԻՍ ՅԱՆՈՒՆՍՐԲՈՒՀՈՅ ԱԾԱԾՆԱՅ»: Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է 14-րդ դ. 30-ական թվականներին և պատվիրատուն էլ հանդիսացել է Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս-Տարսայիճը: Նա շարունակելով իր մետրոպոլիտ և իշխանազուն նախորդների` Ստեփանոս Օրբելյանի և Հովհաննես-Օրբելի ավանդույթը նույնպես եկեղեցու պատվիրատու է հանդիսացել:
 
Կառույցը բարձրանում է երկաստիճան հիմքի վրա և ավարտվում է երկթեք տանիքով:Հատակը և ծածկը սալարկված են: Եկեղեցին կառուցված է սրբատաշ կապտավուն բազալտից: Նրա շուրջը գերեզմանատուն է` մի քանի տասնյակ տապանաքարերով և խաչքարերով:
 
Զորաց եկեղեցին, որը գտնվում է բլրի վրա, շրջակայքի մյուս բոլոր հուշարձանների հետ միասին շրջափակվել է պարիսպներով: Պարսպապատերը պահպանվել են մինչև 2 մ բարձրությամբ և 1.5 մ հաստությամբ: Դրանք շարված են մեծ, անմշակ բազալտի կտորներով: Պարսպի գլխավոր մուտքն արևելյան կողմից է. պահպանվել են դեպի մուտքը տանող սրբատաշ բազալտից շարված եզրային պատերը և ուղղանկյուն մեծ բարավորը:
 
Վերջին տարիներին եկեղեցուն հյուսիսից կից տարածքում կատարված պեղումները վկայում են, որ այստեղ գործել է գրչության կենտրոն: Պեղված սենյակները միմյանց հետ կապված են ներքին դռներով, պատերին կառուցված են աղյուսե դարակներ, որոնք թողնում են մատենադարանի տպավորություն: