Շատինվանքի եկեղեցի

Շատիվանքը գտնվում է Շատին գյուղից մոտ 4կմ դեպի արևելք, համանուն ձորակի աջ ափին: Հիմնադրվել է Սյունյաց Սմբատ, Սահակ իշխանների և Սոփիա տիկնոջ հրամանով 929թ.-ին:
Բաղկացած է եկեղեցուց և վանական միաբանության բնակելի այլ շենքերից: Եկեղեցին կոչվել է սբ. Սիոն: Վանքն իր անունն ստացել է Վերին Նորավանքի առաջնորդ Շատիկ Մենակյացի անունից: Վերակառուցվել է 17-րդ դարի երկրորդ կեսին`ջուղայեցի հարուստ վաճառականների նախաձեռնությամբ:
Հին շրջանին են պատկանել համալիրի հուշարձանների մեծ մասը` սեղանատները, մենախցերի շարքը, մեծ և փոքր սենյակները, գոմերը, աղբյուրը, ջրաղացը, ցորենի հորերը և այլն: Վանքի գոյության հնագույն շրջանից պահպանվել են նաև բազմաթիվ խաչքարեր, արձանագրություններ:
Նոր շրջանի կառույցներից գլխավորը` ներկայումս կանգուն բազիլիկ եկեղեցին է, (1654-56թթ.) որին քիչ ավելի ուշ կցակառուցվել են արևմտյան սրահգավիթը և հարավային մուտքի նախասենյակը:
Եկեղեցու ավագ խորանի պատերը կրում են ավետարանական թեմաներով որմնանկարներ, որոնցից յուրաքանչյուրի տակ հայերեն սև տառերով դրոշմված է` «Ոտնալուայ», «Վերնատուն», «Քարընկէց»:
Վանքի տարածքի ու շրջակայքի պեղումների արդյունքում կարևոր տվյալներ են ստացվել 15-16-րդ դարերում վանական տնտեսության արտադրական կառույցների` երկաթաձուլության, ջնարակած խեցեղենի, հախճապակու, ապակու արտադրության, ջեռուցման համակարգի գոյության մասին:
Խմելու ջուրը կավե փողորակով վանք է բերվել մոտ 3կմ. հեռավորությունից:
Իր գոյության ընթացքում Շատիվանքը ունեցել է բազմաքանակ միաբանություն, որի մասին նշվում է դեպի Շատիվանք տանող ճանապարհի վրա 1666թ.-ին կառուցված Ծատուրի կամուջի արձանագրության մեջ: Միայն միաբանության անդամների թիվը հասել է 90-ի:
Համալիրը շրջափակված է ուղղանկյուն հատակագիծ ունեցող հուժկու, ազդեցիկ պարիսպներով, որոնք ուժեղացված են երեք կիսաշրջանաձև բուրգերով: