Սելիմի քարավանատուն

Սելիմի քարավանատունը կառուցվել է 1332թ. Չեսար Օրբելյանի իշխանության օրոք: Գտնվում է Սելիմի լեռնանցքի հարավային լանջին (2410մ):
Քարավանատան երկարությունը 35,5մ է: Շենքը կառուցված է սրբատաշ բազալտով: Երկթեք տանիքը պատված է կղմինդրանման շարվածքով մեծ սալաքարերով, ինչը վկայում է ճարտարապետի հմտության մասին: Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին:
XIVդ. Հայաստանի համար, դա բավականին նոր հորինվածք է, նոր կառուցվածքային լուծում է: Քարավանատունը ունի ճարտարապետական մեծ ընդհանրություն գյուղական բնակելի տան հետ: Հատկապես դա վերաբերվում է գլխավոր դահլիճի հատակագծին: Դա 13×26մ ուղղանկյունաձև սենյակ է, որը յոթ զույգ մույթերով բաժանվում է միջին (5,3մ) և կողային (3,05մ, 3,02մ) նավերի: Դահլիճը լուսավորվում է երեք երդիկների միջոցով:
Գլխավոր դահլիճին կից է մի կառույց` բաղկացած փոքր հարակից ուղղանկյուն սենյակներից` թաղակապ ծածկով և որմնախորշերով: Սենյակներից մեկը գրեթե ամբողջությամբ ավիրված է: Արևմտյան կողմից պատը փոխարինում են երեք հնգանկյուն կիսասյուն, որոնք միանում են կամարներով: Շենքի այդ հատվածը հավանաբար նախասենյակն է, որի մուտքն ունի հարուստ հարդարանք:
Քարավանատան շքամուտքը հայ միջնադարյան նոր ճարտարապետական ոճի նմուշներից էր, որն այդ ժամանակ ձևավորվում էր քաղաքներում:
Ճարտարապետները մտահոգ էին, որ շենքը գեղեցիկ տեսք ունենար մոտ հեռավորությունից, տարբերվեր հարևան կառույցներից և ուշադրություն գրավեր: Այդ պատճառով, ճակատի ձևավորումը դեկորատիվ միջոցներով կարևոր դեր ուներ: Ճարտարապետները դիմում են շթաքարային բարձրաքանդակներին, որի կարկառունությունը յուրահատուկ նրբերանգ է տալիս` շնորհիվ լույսի և ստվերի խաղի: Սելիմի քարավանատանը, այդպիսի աստիճանաձև զարդաքանդակով, հարդարված է սլաքաձև խորշը, մուտքի վերևում:
Միջնադարյան հյուրանոցի շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ. արևելյան մասում` ցուլ, արևմտյան մասում` մարդու դեմքով առյուծ` թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում:
Այդ դարերում, այժմյա Վայոց ձորի և Սյունիքի մարզերը պատկանում էին Սյունիքի իշխանությանը, որի տիրակալն էր Օրբելյանների հարուստ տոհմը: Օրբելյանների օրոք Սյունիքը վերելք է ապրում: Նույնիսկ, երբ XIIIդ. կեսերին Հայաստան են ներխուժում մոնղոլները, սարերում թաքնված Սյունիքը շատ քիչ է տուժում: Բացի այդ, խորամանկ և հմուտ դիվանագատներ Օրբելյանները Չինգիզ խանի թոռից ոչ միայն ետ են վերցնում իրենց հողերը, այլ նաև կարողանում են ազատորեն զբաղվել ներքին գործերով, մասնավորապես` շինարարությամբ:
Այդ տարիներին ակտիվանում է արևտուրը Արևմուտքի և Արևելքի միջև: Սյունիքը հայտնվում է արևտրային մայրուղիների կենտրոնում, և ճանապարհային շինարարության անհրաժեշտություն է առաջանում: Քարավանները անբարենպաստ եղանակներից թաքցնելու նպատակով կառուցվեցին քարավանատներ, որոնք ասես թե կետագծում էին միջազգային արևտրային ուղիները: Նման ապաստարաններից մեկը և հանդիսանում էր Սելիմի քարավանատունը: