Սուրբ Գայանե եկեղեցի

Ս. Գայանե կույսի անունը կրող Ս. Գայանե եկեղեցին գտնվում է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում:

Կառուցվել է 2007  թվականին` բարերարությամբ Աշոտ Արսենյանի և օծվել է 2007 թ. նոյեմբերի 17-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ:

Եկեղեցու ներսում՝ արևմտյան դռան վերևում, գրված է կառուցման մասին արձանագրությունը. «Ի Հայրապետութեան Տ.Տ. Գարեգնի Բ եւ յառաջնորդութեան Տ. Աբրահամայ եպս-ի կառուցաւ զեկեղեցիս Ս. Գայանեայ բարերարութեամբ Աշոտ Արսենեանի ի թիվ 2007 ճարտարապետ Սամվել Աղաջանեան»:
Ս. Գայանե եկեղեցին պարզ գմբեթավոր փոքրիկ եկեղեցի է, ունի մեկ խորան, մկրտության ավազան, երկու ավանդատուն, երկու փայտաշեն դռներ` արևմտյան և հարավային կողմերում:

Եկեղեցին լուսավորվում է գմբեթի 12 և եկեղեցու 8 նեղ ու փոքրիկ լուսամուտների ու մեկ մեծ ջահի շնորհիվ:
Եկեղեցին ներսից զարդարված է վեց մեծ սրբապատկերներով, որոնց վրա պատկերված են Քրիստոսի խաչելության, հայոց դարձի, Ս. Աստվածածնի և Ս. Գայանե կույսի նկարները:

Գմբեթի կաթողիկեի ու չորս սյուների միջև պատկերված են չորս ավետարանիչների որմնանկարները, իսկ գմբեթի մեջ գրված է. «Փառք Քեզ Տեր Աստված մեր, որ լսեցիր մեր Աղոթքը»:
Ս. Գայանե եկեղեցին ունի տարվա մեջ երկու ուխտի օր. Եկեղեցու օծման օրը` նոյեմբերի 17-ը և Ս. Գայանե կույսի հիշատակման օրը: