Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Եկեղեցին կառուցվել է 1321 թ. արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի կողմից` ով նաև Նորավանքի պատվիրատուն է։ Ճարտարապետը ժամանակի ճանաչված քանդակագործ ու մանրանկարիչ Մոմիկն է։
1302թ. Մոմիկը ծաղկում է իր լավագույն աշխատանքը համարվող «Պատերազմի Ավետարան» (առանձնանում են «Համբարձում» և «Հրեշտակի հայտնությունը սուրբ կանանց» մանրանկարները): Տեսողության աստիճանաբար վատթարացման պատճառով 1307թ. նա չի կարողանում ավարտին հասցնել իր վերջին ավետարանը։ Մոմիկն իր ողջ տաղանդն այնուհետև ուղղում է ճարտարապետությանն ու քանդակագործությանը և ստեղծում այնպիսի բարձրարժեք գործեր` ինչպիսիք են նրա աշխատանքները Նորավանքում, Տաթևում, Եղեգիսում (Զորաց եկեղեցի), Գլաձորում և այլուր:
Սբ. Աստվածածին եկեղեցին առանձնանանում է չափազանց ներդաշնակ համաչափություններով:
Մոմիկի արարումներից է եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին պահպանված «Տիրամայրը` մանուկ Հիսուսը գրկի» հոյակերտ բարձրաքանդակը։ Գահավորակին նստած Տիրամայրը պատկերված է իրատեսական` ժամանակի հագուստով։ Բարավորի ողջ մակերեսը մշակված է որթատունկի ոճավորված զարդաքանդակներով։
Եկեղեցու ներքին հարդարանքում գերակշռում է վեր խոյացող գմբեթը` հենված երկու որմնամույթերի և երկու առանձին կանգնած սյուների վրա, ինչը բնորոշ չէ հայկական եկեղեցիներին։ Գմբեթակիր քառակուսու առագաստներին քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները:
Եկեղեցու բակում պահպանվել են տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող տապանաքարեր և խաչքարեր։ Փոքրաչափ, բայց գեղարվեստորեն քանդակազարդ խաչքարերը կերտվել են եկեղեցու հետ միաժամանակ, իսկ համեմատաբար պարզ ու կոպիտ մշակվածներն ունեն ավելի վաղ թվագրություն։ Շրջակայքում պահպանվել են նաև մենհիրների մնացորդներ, որ միջնադարում խաչազարդվել են:

Այլ շինություններ
Միջնադարյան ավերակներ. Միջնադարյան Արենին Օրբելյան իշխանական տան մեծ կալվածքն էր։ XIIIդ. Օրբելյան Տարսայիճ իշխանը Սյունիքի իշխանանիստ կենտրոնը Եղեգիս ավանից փոխադրել է Արենի դարձրել է իր նստավայրը։ Նրա ապարանքի ավերակները գտնվում են անմիջապես եկեղեցու հարևանությամբ:
Արփա գետի հին հունի վրա պահպանվել են լայն քառաթռիչք կամրջի (13–րդ դ.) մնացորդները։ Կամրջի պատվիրատուն Նորավանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսն է:
Մատուռներ. Արենի գյուղի տարածքում պահպանվել են միջնադարյան մի քանի մատուռներ և խաչքարեր։ Դրանց մի մասը բնակելի տների բակերում են, մյուսները` գյուղի շրջակայքում։ Դրանց թվում են Սբ. Սարգիս քարայր-մատուռը և Սբ. Գրիգոր Նահատակ մատուռը, որը նման է «Թուխ մանուկ» սրբատեղիին:
Հրաշքաբերդը միջնադարյան ավերված բերդ-ամրոց է։ Գտնվում է սարի լանջին, Ամաղու գյուղ տանող ճանապարհի հարավ-արևելյան կողմում, բարձունքի վրա։ Ամրոցը հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիուն նահանգին Սիսական» աշխատության մեջ (գրված մոտ 1299 թ.), որտեղ նկարագրվում է, թե ինչպիսի հետևանքներ են ունեցել մոնղոլական արշավանքները Սյունիքում Օրբելյանների տիրապետության վրա: