Ջերմուկի «Ջրահարսի վարսեր» ջրվեժ

Լինել Ջերմուկում և չտեսնել Ջերմուկի մեծ ջրվեժը, նշանակում է` չլինել Ջերմուկում:  Շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող բնության այս հրաշքը, որ թափված վարսեր է հիշեցնում, ժողովուրդն անվանել է «Ջրահարսի վարսեր» և հյուսել իր մյուս լեգենդը:

Շատ հնուց այսօրվա ջրվեժի տեղում, անդնդախոր ժայռերի ծերպին գտնվում էր իշխանի ամրոցը, որի գեղեցկուհի դուստրը կուսական բնության մի մասն էր կազմում: Իշխանուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, սակայն նա մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ որդուն: Ամեն օր, կեսգիշերից հետո, ամրոցի իր ննջարանի լուսամուտից դեռատի իշխանուհին ձորն էր նետում երկար պարանի ծայրը, որով հովվի որդին խոր կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն իշխանը շուտով իմանալով այդ մասին` գազազում, փրփրում և անիծում է դստերը. եթե մեկ էլ հանդիպի հովվի որդուն, թող ջրահարս դառնա ու ջրից երբեք դուրս չգա: Սակայն դեռատի սիրահարներին ոչինչ չէր պահում հանդիպման գայթակղությունից, և, հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»: