Հայաստանի Ազգային պատկերասրահի՝ Վայոց ձորում գործող երկրորդ մասնաճյուղը՝ Ջերմուկի պատկերասրահը, հիմնադրվել է 1972 թվականին: Թանգարանի ցուցադրությունն ընդգրկում է առավելապես խորհրդային և անկախության տարիների հայ արվեստագետների շուրջ 100 ստեղծագործություն՝ գեղանկարչական աշխատանքներ, քանդակներ և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ:
Ջերմուկի պատկերասրահի մշտական ցուցադրությունն աչքի է ընկում ժանրաթեմատիկ բազմազանությամբ: Այստեղ իրենց արժանի տեղն են զբաղեցնում այնպիսի երևելի արվեստագետների ստեղծագործություններ, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը (1880-1972), որի դերը չափազանց մեծ էր մշակույթի տարբեր ոլորտներում, ռեալիստական դիմանկարի վարպետներ Ստեփան Աղաջանյանը (1863-1940) և Հակոբ Անանիկյանը (1919-1977): Սեդրակ Առաքելյանի (1884-1942), Խաչատուր Եսայանի (1909-1977), Հենրիկ Սիրավյանի (1928-2001) և այլոց աշխատանքները մեր առջև բացում են հայկական բնության գողտրիկ անկյուններն ու համայնապատկերները: Սոցռեալիզմին կարելի է ծանոթանալ ուղղության ամենավառ ներկայացուցիչներ Գաբրիել Գյուրջյանի (1892-1987) և Դմիտրի Նալբանդյանի (1906-1993) կտավներով, որոնք ժամանակի ոգուն համահունչ՝ ստեղծել են կուսակցական գործիչների և առաջավոր աշխատողների դիմանկարները, գովերգել երկրում զարգացող արդյունաբերությունը:
Խորհրդահայ կերպարվեստը, չնայած հաստատված սոցիալիստական ռեալիզմի գաղափարական պարտադրանքներին, ընդհանուր առմամբ աչքի է ընկնում ստեղծագործական նշանակալի ձեռքբերումներով: Նկարիչները հաճախ էին անդրադառնում նաև ազգային թեմաներին՝ դրանք ներկայացնելով յուրովի մեկնաբանությամբ:
Խորհրդային Հայաստանի գեղարվեստական կյանքի աշխուժացմանն են նպաստում նաև սփյուռքահայ արվեստագետները: Եվրոպական և արևելյան տարբեր երկրներից այստեղ մշտական բնակություն են հաստատում Արամ Ղարիբյանը (1908-1991), Բարթուղ Վարդանյանը (1897-1987), Հարություն (1910-1967) և Արմինե (1920-2007) Կալենցները, Գայանե Խաչատուրյանը (1942-2009), Գևորգ Գրիգորյանը (Ջոտտո, 1897-1976), Հակոբ Հակոբյանը (1923-2013), որոնց ստեղծագործությունները նույնպես զարդարում են Ջերմուկի թանգարանի ցուցասրահները:
Իսկ նկարիչներ Անատոլի Գրիգորյանի (1941-2017), Էդուարդ Աբաջյանի (1941-2016), Հարություն Հարությունյանի (1948) և այլոց երփնագիր աշխատանքները մեզ ծանոթացնում են անկախության տարիների արվեստին բնորոշ միտումներին:
Հայկական քանդակագործությունը թանգարանում ներկայացված է Արա Սարգսյանի (1902-1969), Նվարդ Զարյանի (1917-2005), Սարգիս Բաղդասարյանի (1923-2001), Արա Հարությունյանի (1928-1999), Արա Շիրազի (1941-2014) և այլոց գործերով: Հայրենի բնաշխարհի օրգանական ձևերի և նուրբ գույների համադրությամբ են ստեղծված դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետ, խեցեգործ Հմայակ Բդեյանի (1925-2017) հրակավե աշխատանքները:
Թանգարանում կազմակերպվում են նաև ժամանակավոր ցուցադրություններ, միջոցառումներ, դասախոսություններ և վարպետաց դասեր: