«Visit Jermuk»-ը՝ «Տարվա լավագույն զբոսաշրջային ստարտափ»

Հարգելի՛ ընկերներ, գործընկերներ, սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ Armenia Tourism Awards-ի կողմից անցկացվող զբոսաշրջային մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա լավագույն զբոսաշրջային ստարտափ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային հնարավորություններն ու գրավչությունները ներկայացնող «Visit Jermuk» զբոսաշրջային հարթակը:

Անչափ շնորհակալ ենք Ձեր այն բոլոր բարեմաղթանքների համար, որոնք այս օրերի ընթացքում ուղղել էիք մեզ՝ զբոսաշրջային մրցանակաբաշխության ժամանակ՝ տարվա լավագույն զբոսաշրջային ստարտափ ճանաչվելու կապակցությամբ:

 

Sputnik Armenia

Սեպտեմբերի 8-ին Prime Hall–ում կայացավ «Արմենիա տուրիստիչեսկայա» VI ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի անցկացվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ։
 
Ավանդույթի համաձայն, միջոցառումը բացեց ՀՀ–ում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսեյ Սինեգուբովը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի հետ։
 
Բաց քվեարկության արդյունքում որոշվել են արժանի թեկնածուները 15 անվանակարգերում` «Էքստրեմալ տուրիզմի տարվա նախագիծը»` «Երևան Զիփլայն», «Ազգային ավանդույթների պահպանմանն ուղղված տարվա ծրագիրը»` «Մեգերյան կարպետ», «Տարվա զբոսաշրջային նախագիծը»` «Մայ Արմենիա», «Տարվա էքսկուրսավարը»` Յաշա Սոլոմոնյան, «Տարվա տրանսպորտային ընկերությունը»` «Բաս Վոյաժ», «Տարվա թանգարանը»` Հովհաննես Թումանյանի թանգարան, «Տարվա հանգստյան տունը»` «Արարատ Ռեզորթ Ծաղկաձոր», «Ներգնա տուրիզմի տարվա տուրօպերատորը»`«Ուան վեյ տուր», «Տարվա ռեստորանը»` «Շերեփ», «Հայաստանի տարվա հյուրանոցը»` «Գրանդ հոթել Երևան», «Արցախի տարվա հյուրանոցը»` «Վալեքս գարդեն հոթել», «Արցախի տարվա ռեստորանը»` «Ֆլորենս գարդեն», «Տարվա առողջարանային քաղաքը»` Գյումրի, «Տարվա զբոսաշրջային ստարտափը»` «Այց Ջերմուկ» և «Տարվա էկո նախագիծը»` «Էկո աղբ»։
 
Քվեարկությունն անցկացվել է երկու փուլով. սկզբում կարելի էր ներկայացնել սեփական թեկնածուներին, այնուհետև լավագույն հինգից քվեարկության արդյունքներով պարզել հաղթողին։
 
Քվեարկության թերթիկները զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին ուղարկվել էին էլեկտրոնային հասցեով, իսկ «Արմենիա տուրիստիչեսկայա» ամսագրի Ֆեյսբուքյան էջում հնարավոր էր առցանց քվեարկել։
 
Շնորհվել են նաև 5 արտամրցութային մրցանակներ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության` Հայաստանում զբոսաշրջությունը լավագույնս ներկայացնող և քարոզող միջազգային ԶԼՄ–ների հատուկ մրցանակին արժանացավ Սիլվիա Շմիդտը, տարվա ամենադինամիկ զարգացող ընկերությունը դարձավ ասիական «Դրագոն գարդեն» ռեստորանը, Երևանից դուրս գտնվող ռեստորանի լավագույն հայեցակարգի հեղինակը` «Ծաղկունք» ռեստորանը, «Ռեստորան: All Inclusive» անվանակարգում լավագույնը ճանաչվեց Ծաղկաձորի «Յասաման» ռեստորանը։