Ինչու՞ գնալ Կառլովի Վարի. Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հայկական Ջերմուկն է նախընտրում

Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը ներկայացրել է մեր երկրում իր սիրելի վայրերը։

Sputnik. Հայկական Ջերմուկը հրաշալի վայր ու հիանալի առողջարան է, այսօր լրագրողներին ասաց ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Նրա խոսքով` թեև ԽՍՀՄ փլուզումից հետո բուժիչ հատկություններ ունեցող քաղաքի մասին մոռացել են, բայց այն հիմա էլ հիանալի վայր է։

«Դա առողջարան է… Ինչու՞ է պետք Կառլովի Վարի գնալ, եթե կարելի է հանգստանալ Ջերմուկում», – բացականչեց դեսպանը։

Դեսպանը նշեց, որ ինքը Հայաստան ժամանած իր ռուսաստանցի ծանոթներին խորհուրդ է տալիս Ջերմուկ գնալ։ Ճիշտ է` բոլորը չէ, որ կարող են դա իրենց թույլ տալ, բայց այն մարդիկ, ովքեր առողջարանն այցելելու հնարավորություն ունեն, կրկին վերադառնում են, ասաց Վոլինկինը։

«Ամենաշատը մարդկանց եմ հավանում։ Ինչ վերաբերում է քաղաքներին, Հայաստանում շատ վայրեր եմ սիրում։ Սիրում եմ և՛ Երևանը, և՛ Հայաստանի առողջարանային քաղաքները։ Ես միանգամայն հիացած եմ հնագույն վանքերով` Հաղպատով, Ախթալայով, Սանահինով։ Դրանք պարզապես հրաշք են», – հավելեց նա։

Վոլինկինը նաև նշեց, որ Լոռիում «Օձի պորտ» անունով հիանալի վայր կա։ Ցավոք, քչերը գիտեն դրա մասին։

Այնտեղի ջուրը բուժիչ է. այնտեղ պահպանվել է նաև «Քալանթարովներ» գրությամբ շիրմաքարը։

«Բոլորս գիտենք այդ ազգանունը։ Չգիտեմ` նա Սերգեյ Լավրովի բարեկամն է, թե ոչ, բայց համենայն դեպս, այդպիսի բան եմ գտել», – պատմեց դեսպանը։

Հայաստանում չորս տարի աշխատելուց հետո` գարնանը, Վոլինկինը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։

Armeniasputnik.am