Ջերմուկում զբոսաշրջիկների ժամանցի կազմակերպման խնդիր կա

Կարծում եմ, որ եթե Ջերմուկը զբոսաշրջիկների կողմից պահանջված չլիներ, ապա Ջերմուկի զբոսաշրջային ոլորտում գործող ընկերությունները տարեցտարի չէին բարելավի իրենց ենթակառուցվածքները: – Այս մասին գրել է ՋՏԶԿ-ի՝ Jermuk travel-ի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանը ֆեյսբուկյան իր էջում:

Բացի ենթակառուցվածքները զարգացնելուց, պետք է նաև կարողանանք լուծել Ջերմուկ այցելող զբոսաշրջիկների ժամանցի խնդիրը: Ջերմուկի ամենաթեժ սեզոնին քաղաք այցելող զբոսաշրջիկները ամենաշատը մնում են 15 օր: Եթե վերլուծենք, թե որ տարիքային խումբն է նախընտրում 10-15 օր մնալ քաղաքում, ապա կտեսնենք, որ հիմնականում այդքան մնում են այն անձինք, ովքեր առողջական խնդիրներ ունենալով իրենց բուժումը կազմակերպել են Ջերմուկում գործող առողջարաններում: Միջին տարիքի զբոսաշրջիկները՝ հիմնականում երիտասարդները, քաղաքում ժամանցի վայրեր չլինելու պատճառով 5 օրից ավելի չեն ցանկանում մնալ Ջերմուկում:
Այո, Ջերմուկի առողջարան-հյուրանոցային համալիրները ունենալով որոշակի ենթակառուցվածքներ՝ խաղասրահներ, լողավազաններ, բարեր, կարողանում են համայնքում առկա ժամանցի վայրերի պակասի հարցը լուծել, բայց էլի, միջին տարիքի երիտասարդ զբոսաշրջիկը 5 օրից ավելի միևնույնն է չգիտի, թե ինչո՞վ զբաղվի Ջերմուկում:
Ճիշտ է, կարճ ժամանակում կարողացել ենք առողջարանների հետ լուծել զբոսաշրջիկների կողմից պահանջվող ժամանցի խնդիրը: 
2012 թվականից ձմռան ամիսներին Ջերմուկում կազմակերպում ենք Ձնեմարդուկ՝ ձնե արվեստի, իսկ ամռան ամիսներին կազմակերպում ենք Գունավոր փոշիներով փառատոնը, որի ժամանակ ոչ միայն որոշ չափով լուծում ենք ժամանցի վայրերի խնդիրը, այլ նաև փորձում ենք զբոսաշրջիկների հոսք ապահովել դեպի Ջերմուկ:

Ժամանցի վայրեր ասելով եկեք չհասկանանք ուտել-խմելու վայրերը, որոնք ժամանցի վայրերի փոխարեն օր-օրի ավելանում են ու հետևում թողնելով ժամանցի վայրերի պակասի խնդիրը:

 

Նարեկ Միրզոյան

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոն