Մորուք Կարո

Մորուք Կարոն ծնվել է Սասուն գավառի Գելիեգուզան գյուղում:
1891-1893 թվականներին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ Գործել է Սասունում (Աղբյուր Սերոբի, Անդրանիկի. Գևորգ Չավուշի, Ռուբենի խմբերում)։
1905-1907 թվականներին մասնակցել է Գևորգ Չավուշի մղած գրեթե բոլոր կռիվներին:

Մասնակցել է Սասունի 1915 թվականի ինքնապաշտպանությանը։ 1916 թվականին Մուշում միացել է Փեթարա Մանուկի զինվորներին, արշավել Խութ, Մոտկան, Բռնաշեն և ազատել 8000 սասունցիների, ապա մտել մշեցիներից ու սասունցիներից կազմված ժողովրդական գնդերի մեջ, որոնք գործել են Տարոնում, Խնուսում, Մանազկերտում, Ալաշկերտում։
Մասնակցել է Զանգեզուրում մղված կռիվներին։ Հայաստանի Հանրապետության ստեղծումից (1918) հետո մասնակցել է Արևելյան Հայաստանի տարածքում ապօրինի հաստատված կովկասյան թաթարների հակահայկական ելույթների դեմ պայքարին, օժանդակել արևմտահայ գաղթականների վերաբնակեցմանը։

Մասնակցել է 1921-ի Փետրվարյան ապստամբությանը, որի պարտությունից հետո անցել է Սիրիա, ապա՝ Հունաստան: 1924 թվականին վերադարձել է Խորհրդային Հայաստան՝ բնակվելով Թալինի շրջանի Զովասար գյուղում: 1930 թվականին Կարոն խուսափելով հետապնդումներից  անցնում է Պարսկաստան։ Կարոյի Պարսկաստան անցնելուց երկու տարի անց՝ 1932 թվականին երեք տարով բանտարկում և աքսորի են դատապարտում Մորուք Կարոյի կնոջը՝ Մարթային: Թեև երեք տարի անց Մարթան աքսորից վերադառնում է Ահագչի, սակայն, 1941 թվականի նոյեմբերի 28-ին Չեկայի աշխատակիցները կրկին ձերբակալում են Մարթային և երեք աղջիկների հետ աքսորում Ղազախստան: 1946 թվականին նրանք վերադառնում են աքսորից:

Մորուք Կարոն մահացել է 1949 թ. դեկտեմբերի 6-ին Պարսկաստանի Համադան քաղաքում։ 1993 թվականի սեպտեմբերին Մորուք Կարոյի եղբոր՝ Օհանի որդին՝ Աղանիկ Հեբոյանը Համադանից Հայաստան է տեղափոխում հորեղբոր աճյունը, որը հողին է հանձնվում Թալինի շրջանի Զովասար գյուղում՝ Մորուք Կարոյի կնոջ՝ Մարթայի շիրիմի կողքին: