Մախլուտո

Մախլուտոն (Սմբատ Բորոյան) ծնվել է Մուշ գավառի Մուշ քաղաքում:
1904 թ-ին մասնակցել է Սասունի հերոսական մարտերին:
1906-1907 թթ-ին կանգնել է Եփրեմ Խանի կողքին և մասնակցել Իրանի սահմանադրական հեղափոխության մարտերին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Առաջին գնդի վաշտապետ: Կռվել է Կարսի, Ալեքսանդրապոլի, Ախալքալաքի ճակատներում: Կամավորական զորամասեր է կազմակերպել Ալաշկերտում: 1918-1920 թթ-ին եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի 3-րդ բրիգադի կամավորական խմբերից կազմված գնդի հրամանատար:  Գունդը 1920 թ-ին ակտիվ մասնակցություն է ունեցել Կարսի ռազմաճակատում ծավալված ռազմական գործողություններին: 1921 թ-ի փետրվարյան ապստամբության ժամանակ բոլշևիկների դեմ կռվել է Արտաշատի ճակատում: 1921 թ-ին անցել է Թավրիզ, ամուսնացել: Երկար տարիներ բնակվել է ԱՄՆ-ում և Ֆրանսիայում:
1933-1947 թթ-ին բնակվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Մարսելում հաստատվելուց անմիջապես հետո ընտրվել է Մարսելի դեմոկրատական ճակատի նախագահ:
1941-1945 թթ-ին եղել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում գերմանացիների դեմ ծավալված պայքարի ղեկավարներից մեկը և կապ է հաստատել դիմադրության շարժման ղեկավարներից Միսաք Մանուշյանի հետ:
1947 թ-ին, հավատալով խորհրդային պրոպագանդային` ներգաղթել է Խորհրդային Հայաստան և պահակություն է արել Կոմիտասի այգում: