Հրայր Դժոխք

Հրայրը (Արմենակ Ղազարյան) ծնվել է Բիթլիսի նահանգի Խուլփ գավառակի Ահարոնք գյուղում։
1885թ. սկսած համագործակցել է Տարոնի հայության ղեկավար ուժերի հետ` թուրքերի և քրդերի հարձակումների ժամանակ միասնական ճակատով ինքնապաշտպանություն կազմակերպելու համար։
1890-ական թթ. կազմակերպել է տարբեր գյուղերի ու շրջանների ինքնապաշտպանությունը քրդական ցեղերի ու թուրքական զորքերի հարձակումներից։ Համագործակցել է ազատագրական պայքարի կազմակերպման համար Սասուն ժամանած Միհրան Տամատյանի և Մեծն Մուրադի հետ։
1890-1894թթ. մասնակցել է Սասունի ապստամբությանը։ 1894թ. գարնանը սասունցիների խնդրանքով անցել է Կովկաս` այնտեղից Սասուն օգնություն հասցնելու նպատակով, եղել է Բալկաններում, Ղրիմում, Ռումինիայում և ազատագրական պայքարին ներգրավելու համար հավաքագրել է 50 հոգուց բաղկացած խումբ, զենք-զինամթերքով մաս-մաս անցկացրել է ռուս-թուրքական սահմանն ու ուղարկել Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններ։
1895 թվականից փորձել է դադարեցնել անջատ ուժերով հայության պայքարն ու համագործակցելով օսմանահպատակ մյուս ժողովուրդների հետ` բարձրացնել հուժկու ընդհանուր ապստամբություն։
1896թ. ձերբակալվել է, բայց ամիսներ անց համաներմամբ ազատ է արձակվել բանտից և շարունակել հեղափոխական գործունեությունը։
1900-1904թթ. Տարոնի ազատագրական պայքարի ժամանակահատվածը ընդունված է համարել «Հրայրյան շրջան»։ Այդ տարիներին Հրայր Դժոխքը ընդհանուր ապստամբության կազմակերպման շրջանակներում գործել է Բիթլիսում, Մուշում, Վանում, Կարսում, Ախլաթում, հիմնել բազմաթիվ ընդհատակյա կազմակերպություններ, որոշել պայքարի կետերի ծածկանունները, ստեղծել նոր զինված խմբեր, կազմակերպել համայնական աշխատանքներ: 1904թ. Սասունի երկրորդ ապստամբության ժամանակ նա ստանձնեց Հյուսիսային ճակատի հրամանատարությունը և զոհվեց զինակից ընկերոջ՝ վիրավոր Սեպուհի կյանքը փրկելիս։