Ծատուրի կամուրջը

Ծատուրի կամուրջ, միջնադարյան կամուրջ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի շրջակայքում։ Ընդգրկված է Շատինի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
 
Ծատուրի կամուրջը գտնվում է Շատին գյուղից 4 կմ հարավ, Եղեգիս գետի աջ ափին, հիդրոէլեկտրակայանի դիմաց։ Միջնադարյան կամրջից պահպանվել է միայն աջափնյա խելը, իսկ արևմտյան մասը՝ շինարարական արձանագրության հետ միասին, քանդվել է գետի հեղեղման պատճառով։ Ըստ շինարարական արձանագրության, որի մասին հիշատակում է Ղևոնդ Ալիշանը, կամուրջը կառուցվել է 1666 թվականին, Շատիվանքի Սարգիս վարդապետի և վանականների ջանքերով։ Միաթռիչք, սլաքաձև կամարով կամուրջը կառուցված է կրաշաղախով շարված բազալտե քարերով։ Ճակատային պատերի համար օգտագործված են կոպտատաշ, իսկ թաղի համար՝ սրբատաշ քարեր։ Կամրջի հենամիջյան տարածությունը 13,0 մ է, բարձրությունը՝ 9,0 մ, թաղի լայնությունը՝ 4,5 մ։
Շատին վանքի կամուրջը՝ իր ճարտարապետական և կոնստրուկտիվ լուծումներով, 17-րդ դարի կամրջաշինության լավագույն հուշարձաններից է։