Դադալի կամուրջը

Դադալի կամուրջը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձոր քաղաքի դիմաց` Արփա գետի վրա: Կառուցվել է 13-րդ դարում: Միակամար է, կրաշաղախ, սրբատաշ, բաց գույնի քարով շարված: Կամուրջի կամարը շարված է ատամնաձև սեպաքարերով: Կամրջի վրա գրավոր վկայություններ չեն պահպանվել: Այն գործել է մինչև 1970-ական թվականները, որն իր հուսալիությամբ անցանելի է եղել բեռնատար ավտոմեքենաների համար: Ժամանակի ընթացքում սելավներից կամրջի կամարի կրող հիմքի քարերը խարխլվել էին, և միայն 1985-86 թթ. Աշոտ Խալաթյանի գլխավորությամբ իրականացված ամրակայման աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ պահպանել կամրջի ներկայիս տեսքը, պայմանով, որ այն այլևս նախատեսված չէր լինելու տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար: