Գևորգ Չավուշ

Գևորգը (Գևորգ Ղազարյան) ծնվել է Սասուն գավառի Մկթենք գյուղում:

Մարտական մկրտությունն ստացել է առաջին ֆիդայիներից մեկի՝ Արաբոյի խմբում: Մասնակցել է Սասունի 1891– 1894 թթ-ի ինքնապաշտպանական մարտերին, հատկապես աչքի է ընկել Տալվորիկի կռիվներում:

1894 թ-ի Սասունի ապստամբության պարտությունից հետո, ի թիվս այլ ֆիդայիների, ձերբակալվել ու բանտարկվել է Բիթլիսում, ապա՝ Մուշում:

1896 թ-ին Գևորգը փախել է բանտից, ապաստանել Սասունում, ապա միացել է Գուրգենի (Բաղդասար Մալյան) և Հրայրի (Արմենակ Ղազարյան) խմբերին: 1899 թ-ին` Աղբյուր Սերոբի սպանությունից հետո, 1900 թ-ին կազմակերպել է մատնիչ Ավեի, ապա Անդրանիկի հետ՝ քուրդ Խալիլ բեյի սպանությունները:

1901 թ-ի ապրիլին գլխավորել է Բերդակի, իսկ դեկտեմբերին՝ Նորշենի կռիվները, որոնք կարևոր տեղ ունեն հայդուկային շարժման պատմության մեջ: Մասնակցել է նաև Մշո Սբ Առաքելոց վանքի կռվին:

1904 թ-ի գարնանը Գևորգ Չավուշը գլխավորել է Սասունի Իշխանաձոր և Տալվորիկ գյուղերի ինքնապաշտպանական ուժերը:

Ապստամբության պարտությունից հետո Գևորգն անցել է Վան:

Ընդդեմ թուրքական սուլթանության փորձել է ստեղծել հայ-քրդական համագործակցություն:

Զոհվել է 1907 մայիսի 27-ին՝ Սուլուխի կռվում: