Բոլորաբերդ ամրոց / Պռոշաբերդ

Բոլորաբերդը կամ Պռոշաբերդ ամրոցը գտնվում է Վայոց Ձորի մարզում` Վերնաշենից 6-7 կմ հյուսիս, Գլաձորի համալսարանի թանգարանի դիմաց, հիմնադրվել է 13-րդ դարում: Բոլորաբերդը եղել է իշխանանիստ, գրավել է լեռան գագաթի 1-1,5 հա տարածությամբ հարթությունը, ունեցել է բազալտաշար ամուր պարիսպ և ջրմուղ, որի խողովակները նշմարվում են մինչև այսօր։ Պահպանվել են պարիսպը և բուրգերը։ Բերդի ներքին պաշտպանական կառույցները, զինանոցները, զորանոցները, ինչպես և Պռոշյան իշխանների պալատը ավերվել են, թաղվել հողի հաստ շերտի տակ։ Արևելյան կողմում կա կանգուն մատուռ, իսկ 1-2 կմ հարավ-արևմուտք գտնվում է Բոլորաբերդ կամ Սպիտակավոր Ս.Աստվածածին վանքը։
 
Բոլորաբերդ ամրոցը կոչվում է նաև Պռոշաբերդ, այս հանգամանքը ենթադրում է, որ ամրոցը վերակառուցվել է Պռոշ իշխանի կողմից, երբ Զաքարյանները Վայոց Ձորի մի մասը տվեցին Պռոշյաններին: Պռոշաբերդի արևմտյան կողմում, հարթավայրի վրա, փոքրիկ ձորակի ափին նկատելի են հին բնակատեղի հետքեր` փոսերի ձևով, հավանական է, որ դրանք Բոլորաբերդ գյուղի ավերակները լինեն:
 
Պարսից խանը հարձակվում է Պռոշաբերդի վրա: Բազմաթիվ անհաջող գրոհներից հետո նա որոշում է պաշարել բերդը: Անցնում է մի ամիս, երկու ամիս, բայց ամրոցը անսասան է մնում: Խանը հասկանում է, որ պետք է կտրել ամրոց մտնող ջուրը, բայց նրա զինվորները ոչ մի կերպ չեն կարողանում գտնել աղբյուրը: Այդ ժամանակ մի իմաստուն մարդ խորհուրդ է տալիս յոթ օր ծարավ պահել մի ջորի: Այդպես էլ անում են։ Երբ կենդանուն բաց են թողնում ամրոցի մոտակայքում, նա սկսում է ջուր փնտրել։ Հողի տակ խոնավություն զգալով՝ փորում է և գտնում ամրոցին ջուր մատակարարող խողովակաշարը։ Ջուրը կտրելուց հետո ամրոցի պաշտպանները ստիպված անձնատուր են լինում։