Առանց երգ ու պարի, բայց Ձմեռ պապով․ Ինչպես է ամանորը նշվելու Ջերմուկում

Թեև արդեն երկար ժամանակ է՝ ակտիվ քննարկվում է այս տարի Ամանորը չնշելու թեման, բայց հայաստանյան հանգստավայրերում Նոր տարվա օրերին արդեն ազատ տեղեր գրեթե չկան։ Մարդիկ տոնական, ճոխ սեղանները որոշել են մաքուր օդով և նոր տպավորություններով փոխարինել։

Այս տարի Ամանորը տասնյակ հազարավորների ընտանիքներում ավանդական տարբերակով`ճոխ սեղանով, երգ ու պարով չի նշվելու կամ առհասարակ չի նշվելու։ 2020-ը սիրտ չի թողել… Ցավն այնքան մեծ է, կորուստները՝ մարդկային ու տարածքային` այնքան մեծաթիվ, որ շատերն անգամ անհարմար են զգում տունը զարդարել, սեղան գցել, հյուր գնալ կամ հյուր ընդունել։ Այս առումով բազմաթիվ ընտանիքների համար այլընտրանք է դարձել տարեմուտը ոչ թե տանը, այլ  հայաստանյան որևէ հանգստավայրում դիմավորելը՝ գոնե մաքուր օդ կշնչեն, ամենօրյա ռիթմը կփոխեն։

Ամեն տարի Ամանորին Հայաստանը մեծ թվով հյուրեր էր ունենում արտերկրից, հատկապես՝ ՌԴ-ից։ Կորոնավիրուսն ու պատերազմը փոխել են տուրիզմի պատկերը․հիմա տարբեր հանգստավայրերում մատերի վրա հաշված արտասահմանցիների կհանդիպեք, փոխարենը ներքին տուրիզմն է զարգանում։ Ու ներքին զբոսաշրջիկների հաշվին հանգստավայրերում արդեն իսկ գրեթե տեղ չկա։ Դե դրա հիմնական պատճառներից մեկն էլ կրկին կորոնավիրուսն է՝ հայաստանցիներն անհամեմատ քիչ են ճամփորդում հիմա։ Նախկինում, եթե շատերը Ամանորը դիմավորում էին արտերկրում՝ արաբական տաք երկրներում, Եվրոպայում, հարավարևելյան Ասիայում, ապա հիմա նրանց թիվը կտրուկ կրճատվել է։

Ջերմուկ

Ջերմուկի հյուրանոցներում, հանգստյան տներում ազատ տեղեր գրեթե չկան։ Բոլոր ամրագրումներն էլ տեղացիներն են արել։ Ջերմուկի զբոսաշրջության կենտրոնի տնօրեն Նարեկ Միրզոյանի խոսքով՝ մեծ թվով հարցումներ են ունեցել Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից ու Գերմանիայից, սակայն ամրագրումներ դեռ չկան։ Թեպետ նա չի բացառում, որ վերջին պահին կարող է իրավիճակ փոխվել։ Այս տարի հյուրանոցներում տոնական ծրագրեր, երգիչ-երգչուհիների մասնակցությամբ շոուներ, հրավառություններ չեն լինելու։

«Հյուրերն այդ մասին տեղեկացված են և ըմբռնումով են մոտենում։ Միայն փոքրիկ հյուրերի համար են լինելու անակնկալներ` Ձմեռ պապ, Ձյունանուշ, նվերներ»,- նշում է Միրզոյանը։

Քանի որ շոու ծրագրերը կրճատվել են, նաև քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը հաշվի առնելով, առաջարկում որոշակի գնային փոփոխություն կա։ Ջերմուկում, օրինակ, Ամանորյա փաթեթների առաջարկները մոտ 10-15 տոկոսով ավելի մատչելի են, քան նախորդ տարի էր։

2 անձի համար 5-օրյա հանգստի փաթեթը միջինը 350 հազար դրամ է, ամենաթանկը՝ մոտ 600 հազար դրամ։ Ստանդարտ փաթեթներին Ջերմուկում ավելանում են բուժական ծառայությունները։ Գնառաջարկը դրանք էլ է ներառում։

Ջերմուկում այսօր դժվարությամբ նաև վարձով բնակարան կամ առանձնատուն կգտնեք։ Ոչ միայն զբոսաշրջիկներն են արդեն ամրագրել, այլև քաղաքում դեռ մեծ թվով արցախցիներ կան։

Առավել մանրամասն՝ Սպուտնիկ Արմենիայում