Անդրանիկ Օզանյան

Անդրանիկ Օզանյանը ծնվել է Սեբաստիա նահանգի Շապին-Գարահիսար գյուղում:

 1882 թ.-ին՝ 17 տարեկանում, Անդրանիկը բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող թուրք ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ 1884 թ.-ին իր ընկերների օգնությամբ փախել է բանտից,  գնացել է Կոստանդնուպոլիս, աշխատել զինագործարանում, ապա անցել Ռումինիա:

 1890-ական թվականներին զինվորագրվել է Գուրգենի (Բաղդասար Մալյան), Աղբյուր Սերոբի հայդուկախմբերին: Զենք ձեռք բերելու նպատակով եղել է Սևաստոպոլում, Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, Սբ Էջմիածնում, Թավրիզում, Սալմաստում և այլուր: Համագործակցել է Դժոխք Հրայրի, Նիկոլ Դումանի, Սեպուհի, Մեծն Մուրադի հետ:

Աղբյուր Սերոբի սպանությունից (1899 թ.) հետո Տարոնում հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպել են Անդրանիկն ու Հրայր Դժոխքը: Անդրանիկի համբավը տարածվել է հատկապես 1901 թ-ի նոյեմբերի` Մշո Սբ Առաքելոց վանքի և 1904 թ-ի օգոստոսի` Աղթամարի կռիվներից հետո:
1905–06 թթ-ին հայ-թաթարական կռիվների ժամանակ զենք հայթայթելու նպատակով մեկնել է Ֆրանսիա և Բուլղարիա:
1906 թ-ին հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը:
1912–13 թթ-ին Բալկանյան 1-ին պատերազմի ժամանակ Անդրանիկը կազմավորել է Հայկական կամավորական վաշտ և բուլղարական բանակի կազմում (հրամանատար` Գարեգին Նժդեհ)  մարտնչել  թուրքական զորքերի դեմ: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) սկզբին հրավիրվել է Թիֆլիս, նշանակվել ռուսական Կովկասյան բանակի կազմում գործող Հայկական 1-ին կամավորական ջոկատի (1200 զինվոր) հրամանատար: Ղեկավարել է շուրջ 20 հաղթական ռազմական գործողություններ, որոնցից առավել ուշագրավ են հատկապես Դիլմանի ճակատամարտը (1915 թ-ի ապրիլ) և Բիթլիսի ազատագրումը:
1918 թ-ի հունվարին նշանակվել է Հայկական երկրապահ զորամասի հրամանատար, ստացել ռուսական բանակի գեներալ-մայորի պաշտոնակալի աստիճան և նշանակվել Էրզրումի ամրացված շրջանի պաշտպանության ղեկավար:

Այնուհետև, մինչև 1919 թ-ի գարունը  ղեկավարել է Զանգեզուրի ինքնապաշտպանական կռիվները թուրքերի և մուսավաթականների դեմ:
1919 թ-ի ապրիլին եկել է Էջմիածին, զորամասի գույքն ու զենքը հանձնել է կաթողիկոսին, զորացրել զինվորներին և մեկնել  Ֆրանսիա, իսկ 1922 թ-ից հաստատվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում:

Անդրանիկը պատգամել էր իր աճյունը Հայաստան տեղափոխել, որի համաձայն` 1928 թ-ին այն նախ տեղափոխվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատուն, ապա 2000 թ-ին՝ Երևան և ամփոփվել Եռաբլուրում: