Անգղի կամ Նահատակի մատուռ

Շատինից 1,5 կմ հարավ գտնվում է Անգղի կամ Նահատակի մատուռը` Եղեգիս գետի փոքրիկ ձորակի աջ ափին: Այդ ձորակը կոչվել է նաև Անգղի ձոր:
Վարդանանց պատերազմից հետո` 451 թ., պարսիկների կողմից հետապնդվող հայ զինվորների երկրորդ մարտը տեղի է ունեցել Շատինից հարավ, Բերդաքար ամրոցի մոտ` Անգղ ձորում, իսկ երրորդ մարտը` Շատինից հյուսիս-արևելք, Ալայազ և Երդափին գետերի միախառնման վայրում, ուր հայ զինվորներից զոհվում են 300 հոգի: Այս մատուռը վերը հիշատակված մարտում ընկած զինվորների դամբարանն է, որը կառուցվել է 5-րդ դարում: Սակայն 5-րդ դարից պահպանվել են միայն բեկորներ` բազմիցս ենթարկվելով վերանորոգումների ու փոխելով իր սկզբնական ձևը: Պատերը շարված են  դեղնակարմրագույն ու գորշագույն տուֆի տաշված քարերով` կրաշաղախով:
Նահատակի մատուռից քիչ հեռու` դեպի արևելք, ձորի ձախ ափին, գտնվում է մեկ այլ` ուշ միջնադարյան մատուռ: Մատուռի շուրջը տարածվում է գերեզմանոց:
Շատին գյուղից 3 կմ հարավ` Եղեգիս գետակի վրա, գտնվում է Ծատուրի կամուրջը: Կառուցել է Շատիվանքի առաջնորդ Սարգիս վարդապետը 1666-ին: Այն լայնաթռիչք կամարով կամուրջ է եղել, շարված է կապտագույն բազալտով: Այժմ մնում է գետի աջ կողմում գտնվող մասը:
Շատինի մոտերքում`Եղեգիս թափվող վտակների վրա, կան նաև 3 այլ կամուրջներ, խաչքարեր, առանց արձանագրությունների կրոնական շինություններ, Աղվանք եկեղեցին: