Աղբյուր Սերոբ

Սերոբը (Սերոբ Վարդանյան) ծնվել է Տարոն աշխարհի Խլաթ գավառի Սողորդ գյուղում:

Ժողովուրդը նրան անվանել է Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող, կամ Նեմրութի ասլան, Նեմրութի հսկա:

Սերոբը՝ դեռևս երիտասարդ, բախվել է Թուրքիայում տիրող անարդարությանը և խուսափելով իշխանությունների հետապնդումներից  հասել է Կոստանդնուպոլիս, ապա տեղափոխվել է Ռումինիա: Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի կոտորածների մասին խմբով վերադարձել է Խլաթ և կազմակերպել գավառի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը:

Թուրքական կանոնավոր բանակի դեմ բազմաթիվ ֆիդայական մարտեր է մղել:
Ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է 1898 թ-ի հոկտեմբերի 20-ին Աղբյուր Սերոբի խմբի մղած կռիվը ՝ Բաբշեն գյուղի մոտ: Մարտը տևել է մինչև ուշ երեկո. հակառակորդն ունեցել է բազմաթիվ զոհեր:

Հերոսամարտից հետո թուրքական կառավարությունն ամենուրեք հետապնդել է Սերոբին: Հեռանալով Խլաթից`  նա ապաստանել է Սասունում: Այնուհետև իր զինակիցների հետ պաշարվել է Գելիեգուզան գյուղում: Թուրքերին հաջողվել է դավադիրների միջոցով թունավորել նրան:

Գելիեգուզանի կռվում գերվել և Բիթլիս է տարվել Աղբյուր Սերոբի վիրավոր կինը՝ խմբի միակ կին հայդուկը` Սոսեն, սակայն շուտով ազատվել է: Ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով:

Ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել Աղբյուր Սերոբի և Սոսե Մայրիկի սխրանքների մասին: