Ջերմուկը որպես առողջարանային քաղաք հայտնի է դարձել շնորհիվ յուրահատուկ բաղադրություն ունեցող հանքային ջրերի:
Կարծես քաղաքի սիրտը լինի Ըմպելասրահ կոչվող շինությունը, որի մեջ են գտնվում տարբեր ջերմաստիճանի 5 հանքային աղբյուրներ: Իրենց առողջությունը վերականգնելու համար Ջերմուկում գտնվող զբոսաշրջիկները օրական 3 անգամ՝ սնվելուց 20-30 րոպե առաջ, բժիշկների ցուցումով խմում են հանքային ջուրը, որի շնորհիվ կարգավորվում է մարսողությունը:

Այդ է պատճառը, որ Ջերմուկում գտնվող բոլոր զբոսաշրջիկները օրվա ընթացքում 3 անգամ պարտադիր գնում են Ըմպելասրահ:

 

Ջերմուկում մեծ հաջողությամբ են բուժում հատկապես աղեստամոքսային տրակտի, լյարդի, լեղապարկի, լեղուղիների, միզապարկի, հենաշարժական եւ պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդությունները: Արդյունավետ է նաեւ նյութափոխանակության խանգարմամբ եւ երկաթ-դեֆիցիտ սակավարյունությամբ տառապողների բուժումը: Նկատվում է նշանակալի առաջընթաց նեւրոզների եւ սթրեսների բուժման գործում:

Հանքային ջրերի առաջացման գործում որոշիչ դեր են խաղում մթնոլորտային տեղումները, որոնք տեկտոնական բեկվածքներով թափանցում են խոր հորիզոններ, հարստանում տաք ածխաթթվական գազով, լուծում շրջակա ապարների որոշ քիմիական տարրեր եւ գազահեղուկային խառնուրդի ձեւով դուրս գալիս երկրի մակերեւույթ: Ջրի ջերմաստիճանը (մինչեւ 64 ° C) հետեւանք է ներժայթուքային ապարների եւ լավաների արտաժայթքման օջախների բարձր ջերմաստիճանի: Ջերմությունը հաղորդվում է ստորերկրյա ջրերին ու շրջակա միջավայրին՝ այդ պատճառով հանքային ջրերի տեղամասում բավական բարձր է երկրաջերմային ջերմաստիճանը: Առողջարաններից մեկը նույնիսկ փորձ էր կատարել շենքի ջերմությունն ապահովել գեոթերմալ ջերմության հաշվին:

Ջերմուկ քաղաքից մոտ 7 կմ հեռավորության վրա է գտնվում հանքային տաք ջրի լողավազանը: Սայաթ-Նովայի աղբյուրներ կոչվող գեյզերը զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկն է, որտեղ հնարավոր է հասնել ոտքով, հեծանիվներով կամ ջիպերով:
Հատկապես հաճելի է, երբ գեյզերի ժայթքելու ժամանակ կարող ես մեջքդ դեմ տալ ջրի շիթին և ընդունել ստորջրյա մերսում: