Առողջարանային, զբոսաշրջային գոտիներով ու քաղաքներով հարուստ Հայաստանում իր ուրույն տեղն է գրավում Վայոց ձորի մարգարիտը` Ջերմուկ քաղաքը: Այն ծվարել է անտառոտ լեռների գրկում, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով: Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում` Վայոց ձորի մարզում (պատմական Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառի տարածքում): Բնակավայրը հիշատակվում է սկսած 13-րդ դարից` պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» աշխատության մեջ: Սակայն քաղաքի տարածքում գտնվող հին կիկլոպյան ամրոցի և 8-րդ դարի եկեղեցու ավերակներն ու մնացորդները խոսում են այն մասին, որ հանքային ջրերի ակունքների մոտ գտնվող Ջերմուկ բնակավայրը գոյություն է ունեցել շատ վաղուց :
Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունյաց իշխանների կողմից` ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով: Այդ մասին են վկայում միջնադարում կառուցված լողավազանի մնացորդները, որոնք վերակառուցվել և վերականգնվել են 1860-ական թվականներին ցարական պրիստավ Գևորգ Խանագյանի կողմից և այժմ էլ ժողովրդը լողավազանի մասին խոսելիս օգտագործում է նաեւ «Պրիստավի գյոլ» անվանումը: Չնայած պատմական հարուստ անցյալին, այսօրվա նոր քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին` առաջին առողջարանի կառուցման ավարտով: Հետագա տարիներին Ջերմուկը կառուցվել ու կառուցապատվել է, ստեղծվել են բոլոր հնարավորություններ, ինչպես բնակչության, այնպես էլ հովեկների ակտիվ հանգստի, առողջության վերականգնման և զբոսաշրջության համար: 1967 թվականին քաղաքը ձեռք է բերել հանրապետական նշանակության քաղաքի, իսկ 1970 թվականին` համամիութենական նշանակության առողջարանի կարգավիճակ: 1980-ականներին քաղաքն ուներ շուրջ 10000 բնակիչ, շուրջ 2000 մահճակալով առողջարանների ու պանսիոնատների ցանց ` ակտիվ հանգստի և բուժման համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքներով ու ծառայություններով: Օբյեկտիվ պատճառներով առողջարանային քաղաքի ակտիվ կյանքը 1990-ականներից մեծ տեղատվություն ապրեց, որը սկսեց աշխուժանալ նշված տասնամյակի վերջերից:

Այժմ քաղաքի առողջարանային և զբոսաշրջային համալիրը հարստացվել է ու գործում է շուրջտարյա: