Հայաստանի Ազգային պատկերասրահի Ջերմուկի պատկերասրահ մասնաճյուղը հիմնադրվել է 1972 թվականին: ՀԱՊ-ի հավաքածուից այստեղ ներկայացված են խորհրդահայ և ժամանակակից մշակութային հարուստ ժառանգության ընտիր ցուցանմուշներ: Մշտական ցուցադրությունում ներկայացված է 1920-1990 թթ. շուրջ 100 գեղանկար և քանդակ: Ջերմուկի հյուրերը կարող են տեսնել հայ նշանավոր գեղանկարիչների՝ Մ. Սարյանի, Վ. Գայֆեճյանի, Հ. Կալենցի, Հ. Հակոբյանի, Մ. Պետրոսյանի և այլոց ժանրային ու թեմատիկ բազմազանությամբ առանձնացող աշխատանքներ: Գեղանկարների կողքին ցուցադրվում են նաև բարձրարվեստ քանդակներ: Մշտական ցուցադրությանը զուգահեռ պարբերաբար կազմակերպվում են նաև մշակութային բազմաբնույթ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, հուշ-ցերեկույթներ, դասախոսություններ, վարպետաց դասեր:
 
Մասնաճյուղը գտնվում է Արփա գետի առափնյա լանջին: Հատկապես գրավիչ է այն փաստը, որ այցելուն, նախ հագուրդ տալով իր հոգևոր պահանջներին և գեղագիտական ճաշակին, ետնաբակից բացվող արշավային ճանապարհով ընդամենը տասը րոպեների ընթացքում կարող է հայտնվել Ջերմուկի գեղատեսիլ ջրվեժի առջև: