13 պատճառ Ջերմուկ այցելելու համար

Լինել Ջերմուկում և չտեսնել զբոսաշրջային տեսարժան վայրերը նշանակում է` չլինել Ջերմուկում:

Ալպիական մարգագետիններով և լեռնային գետակներով հարուստ քաղաքը հայտնի է իր մաքուր և կանաչ տնտեսությամբ՝ առանց հուղն ու ջուրն աղտոտող գործարանների:

Քաղաքն ունի լեռնային լանդշաֆտ։ Գտնվելով ծովի մակարդակից 2090 մետր բարձրության վրա, մեզ մոտ ամառը զով է, ձմեռը՝ ձյունառատ։ Չնայած ամռան ամիսների ցերեկվա ջերմությանը, չմրսելու համար երեկոյան կողմ հարկավոր է ունենալ երկարաթև հագուստ: Բոլոր 4 եղանակներին կարելի է վայելել արևի ջերմությունը, քանի որ տարվա 80%-ը՝ մոտ 292 օր, արևային է: Անձրևային օրերին վստահ եղեք, որ հաջորդող 20 րոպե, կամ առավելագույնը 3 ժամ հետո արևը կրկին փայլելու է:

Պատճառ 1-ին.  «Ջրահարսի վարսեր» ջրվեժն ու նրա լեգենդը

Լինել Ջերմուկում և չտեսնել Ջերմուկի մեծ ջրվեժը, նշանակում է` չլինել Ջերմուկում: Շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող բնության այս հրաշքը, որ թափված վարսեր է հիշեցնում, ժողովուրդն անվանել է «Ջրահարսի վարսեր» և հյուսել իր լեգենդը: Շատ հնուց այսօրվա ջրվեժի տեղում, անդնդախոր ժայռերի ծերպին գտնվում էր իշխանի ամրոցը, որի գեղեցկուհի դուստրը կուսական բնության մի մասն էր կազմում: Իշխանուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, սակայն նա մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ որդուն: Ամեն օր, կեսգիշերից հետո, ամրոցի իր ննջարանի լուսամուտից դեռատի իշխանուհին ձորն էր նետում երկար պարանի ծայրը, որով հովվի որդին խոր կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն իշխանը շուտով իմանալով այդ մասին` գազազում, փրփրում և անիծում է դստերը. եթե մեկ էլ հանդիպի հովվի որդուն, թող ջրահարս դառնա ու ջրից երբեք դուրս չգա: Սակայն դեռատի սիրահարներին ոչինչ չէր պահում հանդիպման գայթակղությունից, և, հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Պատճառ 2-րդ. Հանքային ջրից կազդուրված եղնիկի լեգենդը

Հրաշք ջրի հայտնաբերման մասին նույնիսկ լեգենդներ են հյուսվել: Վաղուց, շատ վաղուց, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, այս կուսական անտառները լիքն էին ամենատարբեր որսատեսակներով: ԵՎ ահա, մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին: Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած, սկսում է փախչել: Որսորդը կրնկակոխ հետապնդւմ է նրան: Մի կերպ, ոտքերը հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և… այ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը: Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհե-աշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը:

Բնության այս գողտրիկ վայրում կան բազմաթիվ հրաշալիքներ: Դրանցից են բնական հանքային ջրի տաք աղբյուրները (գեյզերներ), որոնք բխում են գետնի տակից, բռնկվում, իսկ հետո հանդարտվում: Այստեղ այցելում են հանքային ջրի բնական ավազանում լողալու, հանգստանալու և հրաշալի բնության գրկում ուժերը վերականգնելու նպատակով:

 

Պատճառ 3-րդ. Հանքային ջրերն ու նրանց օգտակար հատկությունները

Ջերմուկը որպես առողջարանային քաղաք հայտնի է դարձել շնորհիվ յուրահատուկ բաղադրություն ունեցող հանքային ջրերի:

Կարծես քաղաքի սիրտը լինի Ըմպելասրահ կոչվող շինությունը, որի մեջ են գտնվում տարբեր ջերմաստիճանի 5 հանքային աղբյուրներ: Իրենց առողջությունը վերականգնելու համար Ջերմուկում գտնվող զբոսաշրջիկները օրական 3 անգամ՝ սնվելուց 20-30 րոպե առաջ, բժիշկների ցուցումով խմում են հանքային ջուրը, որի շնորհիվ կարգավորվում է մարսողությունը:

Այդ է պատճառը, որ Ջերմուկում գտնվող բոլոր զբոսաշրջիկները օրվա ընթացքում 3 անգամ պարտադիր գալիս են Ըմպելասրահ:

 

Պատճառ 4-րդ. Հանքային ջրերի ցուցասրահը

Ջերմուկ առողջարանային քաղաքի այցեքարտը հանքային ջրի ըմպելասրահն է, որը գտնվում է քաղաքի հենց կենտրոնում: Ճարտարապետական յուրահատուկ լուծումներով սյունազարդ այս կառույցը դարձել է Ջերմուկ քաղաքի ամենահայտնի խորհրդանիշերից մեկը: Ըմպելասրահում հոսում են 5 տարբեր ջերմաստիճանի հանքային ջրեր՝ 30°C-ից մինչև 53°C: Այն քաղաքի լճակի հարևանությամբ է, որտեղ լողացող լաստի վրա կարելի է հիանալ շրջակա գեղատեսիլ բնապատկերներով և վայելել անկրկնելի հանգիստ:

Պատճառ 5-րդ. Սայաթ Նովայի աղբյուրներ

Ջերմուկ քաղաքից մոտ 7 կմ հեռավորության վրա է գտնվում հանքային տաք ջրի լողավազանը: Սայաթ-Նովայի աղբյուրներ կոչվող գեյզերը զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկն է, որտեղ հնարավոր է հասնել ոտքով, հեծանիվներով կամ ջիպերով:

Հատկապես հաճելի է, երբ գեյզերի ժայթքելու ժամանակ կարող ես մեջքդ դեմ տալ ջրի շիթին և ընդունել ստորջրյա մերսում:

Հանքային ջրերը օգտակար են ոչ միայն բուժման, այլ նաև հիվանդությունների կանխարգելման առումով: Ջերմուկում մեծ հաջողությամբ են բուժում հատկապես աղեստամոքսային տրակտի, լյարդի, լեղապարկի, լեղուղիների, միզապարկի, հենաշարժական և պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդությունները: Արդյունավետ է նաև նյութափոխանակության խանգարմամբ և սակավարյունությամբ տառապողների բուժումը: Նկատվում է նշանակալի առաջընթաց նևրոզների և սթրեսների բուժման գործում:

Պատճառ 6-րդ. Ջերմուկի պատկերասրահը

Ջերմուկում գործում է Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղը, որը հիմնադրվել է 1972 թվականին։ Ցուցադրվում են կերպարվեստի հայ վարպետների՝ Մարտիրոս Սարյանի, Արա Սարգսյանի, Սարգիս Մուրադյանի, Արա Հարությունյանի, Կալենց ամուսինների, Հակոբ Հակոբյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի և այլոց գեղանկարչական, գրաֆիկական և քանդակագործական աշխատանքները։ Պարբերաբար փոփոխվում են ցուցանմուշները և կազմակերպվում են անհատական ցուցահանդեսներ։

Պատճառ 7-րդ. Համտեսել Ջերմուկի ռեստորանների համեղ սնունդը

Ջերմուկը հայտնի է իր հյուրընկալ ռեստորանային համալիրներով, որտեղ ցանկացած այցելու կարող է գտնել իր քիմքին հաճո առողջ սնունդ: Բուսակերները կարող են հաճելիորեն զարմանալ բազմազան բուսական կերակրացանկից: Խորհուրդ կտանք համտեսել հատկապես կարմրախայտ և սիգ տեսակի ձուկ, Ջերմուկի սարերից հավաքված ավելուկ, մանդիկ, սունկ:

Սննդային և համային բարձր արժեք ունի Ջերմուկի կարմրախայտը: Եթե ջերմուկցին Ձեզ կարմրախայտ տեսակի ձուկ է հյուրասիրում, ուրեմն Դուք իր համար պավավոր հյուր եք:

Քաղաքում գործող ռեստորանները հայտնի են հայկական խոհանոցին վայել առողջարար և տեղական սննդի մատուցման առանձնահատկությամբ:

Ռեստորանները հարմար են ինչպես ընտանեկան միջոցառումների, այնպես էլ կորպորատիվ խնջույքների, հարսանյաց հանդիսությունների և ծնունդների կազմակերպման համար:

Պատճառ 8-րդ. Մարզվել մարզասրահներում և լիցքաթափվել լողավազանում

Մարզասրահ հաճախելը բարենպաստ ազդեցություն է թողնում յուրաքանչյուր մարդու առողջության վրա: Ներկայումս աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ մարզասրահներ, որոնց մեծ մասն ապահովված է ժամանակակից մարզասարքերով:

Ջերմուկի առողջարաններում գործող մարզասրահները համալրված են աշխարհահռչակ արտադրողների մարզասարքավորումների տեսակներով:

Լողավազան հաճախելը պետք է Ձեր առօրյայի անբաժանելի մասը կազմի: Եթե Ձեր մարմինը շարժման կարիք ունի, իսկ ուղեղը՝ հանգստի, ապա Դուք միանշանակ պետք է այցելեք լողավազան կամ մոտակա ֆիթնես կոնտրոն: Վայելեք ձեր հանգիստը օգտվելով Ջերմուկում գործող հյուրանոցների լողավազաններից: Պաշտպանվեք տապից և պարզապես անցկացրեք հաճելի ժամանակ:

Պատճառ 9-րդ. Խիզախներին սպասում է էսքստրեմալ սառցամագլցումը

Գարնանը, ամռանը ու աշնանը կարողանում ենք ժայռեր մագլցել, թռնել այսուայն կողմ, իսկ ի՞նչ անել ձմռանը, երբ ամբողջ Ջերմուկը պատված է առատ ձնով: Այս հարցի պատասխանն էլ ենք գտել՝ զբաղվել սառցամագլցմամբ: Ստեղծելով բոլոր անհրաժեշտ պայմանները՝ մենք պատրաստ ենք թե՛ ամռանը և թե՛ ձմռանը ապահովել Ձեզ ադրենալինը: Մնում է միայն, որ Դուք հավաքեք Ձեր մեջ եղած քաջությունն (дух) ու խիզախությունն ու գաք սառցամագլցելու:

Պատճառ 10-րդ.  Ջերմուկը՝ «Լուսասարի» գագաթից և ճոպանուղին

Ջերմուկն իր գեղատեսիլ բնությամբ հրաշք է տարվա բոլոր եղանակներին. Կպատկերացնեք Ջերմուկի գեղեցկությունը ձմռանը `թռչնի թռիչքի բարձրությունից. Այդ ամենը գեղարվեստական ​​ֆիլմից կադրի նկարագրություն չէ, այն հնարավոր է տեսնել ու վայելել Ջերմուկի ճոպանուղու միջոցով.

Ջերմուկի ճոպանուղին գտնվում է քաղաքի սկզբնամասում, կառուցվել է 2007 թվականի աշնանը ավստրիական «Leitner» կազմակերպության կողմից.

Ճոպանուղու երկարությունը 1000 մ է. Ներքեւի եւ վերեւի հենասյուների միջեւ եղած բարձրության տարբերությունը 400 մ է. Ամենաբարձր կետը գտնվում է 2480 մ բարձրության վրա, որտեղ գործում է ռեստորան-սրճարան. Ունի 2 սահուղի. Առաջինի երկարությունը 1450 մ է, երկրորդինը, 1550 մ. Տեղերի թիվը, 200: Ներքեւում գործում է սահատախտակների եւ դահուկների վարձույթի կետ, սրճարան եւ ավտոկայանատեղի.

Պատճառ 11-րդ. Կրոնական տուրիզմը Ջերմուկում

Կրոնական տուրիզմը ճանաչողական և հետաքրքիր է զբոսաշրջիկների համար: Ամեն մի քրիստոնյա զբոսաշրջիկ ցանկություն է հայտնում այցելել Հայաստան՝ ծանոթանալու մի ժողավրդի ու երկրի հետ, ով առաջինն է աշխարհում ընդունել քրիստոնեությունը, որպես պետական կրոն:
Կրոնական նպատակներով ճամփորդությունը զբոսաշրջության հին ձևերից մեկն է և ունի պատմական խորը արմատներ:

Սուրբ Գայանե եկեղեցին.

Ս. Գայանե կույսի անունը կրող Ս. Գայանե եկեղեցին գտնվում է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում:

Կառուցվել է 2007  թվականին` բարերարությամբ Աշոտ Արսենյանի և օծվել է 2007 թ. նոյեմբերի 17-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ:

Եկեղեցու ներսում՝ արևմտյան դռան վերևում, գրված է կառուցման մասին արձանագրությունը. «Ի Հայրապետութեան Տ.Տ. Գարեգնի Բ եւ յառաջնորդութեան Տ. Աբրահամայ եպս-ի կառուցաւ զեկեղեցիս Ս. Գայանեայ բարերարութեամբ Աշոտ Արսենեանի ի թիվ 2007 ճարտարապետ Սամվել Աղաջանեան»:
Ս. Գայանե եկեղեցին պարզ գմբեթավոր փոքրիկ եկեղեցի է, ունի մեկ խորան, մկրտության ավազան, երկու ավանդատուն, երկու փայտաշեն դռներ` արևմտյան և հարավային կողմերում:

Եկեղեցին լուսավորվում է գմբեթի 12 և եկեղեցու 8 նեղ ու փոքրիկ լուսամուտների ու մեկ մեծ ջահի շնորհիվ:
Եկեղեցին ներսից զարդարված է վեց մեծ սրբապատկերներով, որոնց վրա պատկերված են Քրիստոսի խաչելության, հայոց դարձի, Ս. Աստվածածնի և Ս. Գայանե կույսի նկարները:

Գմբեթի կաթողիկեի ու չորս սյուների միջև պատկերված են չորս ավետարանիչների որմնանկարները, իսկ գմբեթի մեջ գրված է. «Փառք Քեզ Տեր Աստված մեր, որ լսեցիր մեր Աղոթքը»:
Ս. Գայանե եկեղեցին ունի տարվա մեջ երկու ուխտի օր. Եկեղեցու օծման օրը` նոյեմբերի 17-ը և Ս. Գայանե կույսի հիշատակման օրը:

Սուրբ Գայանե մատուռը.

Սբ. Գայանե կույսի անունը հավերժացնող այս փոքրիկ մատուռը գտնվում է Վայոց Ձորի մարզի Կեչուտ գյուղում` Կեչուտի ջրամբարի կողքին: Ս. Գայանեն գմբեթավոր  փոքրիկ մատուռ է, ունի մեկ խորան, մկրտության ավազան և արևմտյան կողմից երկաթյա դուռ: Մատուռը լուսավորվում է 9 փոքրիկ լուսամուտների շնորհիվ:

Սբ. Գայանե մատուռը կառուցվել է 2007թ. Ալիկ Հովհաննիսյանի բարերարությամբ և ունի իր արձանագրությունը. «Կառուցաւ զմատուռս Ս. Գայանեայ բարերարութեամբ Ալիկ Հովհաննիսեանի եւ թող Աստուած առավելով զգործս բարիս ի Հայաստան աշխարհի ճարտարապետ Լևոն Օհանյան վարպետ Յուրի Առաքելյան»:

Մատուռն օծվել է 2007 թ. նոյեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռքով:

 

Պատճառ 12-րդ. Քարանձավ սրբավայրը

Բնական ճանապարհով ձևավորված քարանձավ, որն այժմ օգտագործվում է որպես սրբավայր: Քարանձավախումբը բաղկացած է 3 քարանձավներից, որոնցից ամենախորը 7 մետր խորություն ունի: Սրբավայր հանդիսացող քարանձավի ներսում թույլատրվում է մոմեր վառել: Քարանձավի ներսում գտնվող աղբյուրին տեղացիները վերագրում են զորավոր հատկություններ և կարծում են, որ այն կարող է բազմաթիվ հիվանդություններ բուժել:
Քարանձավի սրբավայր լինելու հետ կապված լեգենդի համաձայն գիշերով մի ձիավոր այս տարածքով անցնելուց մոլորվում ու վայր է ընկնում ժայռից՝ ստանալով լուրջ վնասվածքներ: Ձիավորը դիմում է Աստծուն, խնդրելով, որ ուժ ու զորություն տա իրենց, քանի որ գիշերով այդտեղ մնալու դեպքում վայրի կենդանիների բաժին կդառնա: Աստված լսում և այնպիսի զորություն է տալիս ձիուն ու ձիավորին, որ ձին վեր է կենում տեղից և ժայռապատի վրայով քայլելով վեր բարձրանում ու շարունակում իր ճանապարհը: Մինչ այժմ էլ ժայռի վրա երևում է դեպի վեր բարձրացած ձիու սմբակների հետքերը:

Պատճառ 13-րդ. Բախտի կամարն ու նրա հրաշագործ զորությունը

«Բախտի կամար»-ը, որին տեղացիներն ասում են «Երջանկության կամար»,  հայտնի է իր հրաշագործ զորությամբ՝ յուրաքանչյուր ոք կամարի տակով անցնելիս թե երազանք պահեց, անպայման իրականանում է:

Բազալտե կամարը ձևավորվել է հազարավոր տարիների ընթացքում փոքրիկ գետակի օգնությամբ: