Առողջարանային քաղաք, թե՞ հանքարդյունաբերություն. URBnews

Ջերմուկցիները, առողջարանների սեփականատերերը տագնապած են. հանքի շինարարությունն արդեն ազդել է զբոսաշրջային հոսքի վրա, շահագործման և տարածքների աղտոտման դեպքում անհնարին կլինի խոսել երկրի ամենահայտնի առողջարանային քաղաքի զարգացման կամ զբոսաշրջային հեռանկարի մասին: — urbnews.com

2008 թվականի սեպտեմբերի 18-ին կառավարությունը Ջերմուկը հայտարարել է զբոսաշրջության կենտրոն, սակայն տասը տարիների ընթացքում քիչ բան է արվել ոլորտի զարգացման համար։

Jermuk Travel-ի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանը նշում է, որ ավելի շատ կենտրոնացած են հյուրանոցաշինության վրա, մինչդեռ քաղաքում բացակայում են ենթակառուցվածքները։

«Ջերմուկ եկած զբոսաշրջիկը չգիտի ի՞նչ անել, կերավ, գնաց իր ջուրը խմեց, եկավ բուժումը ստացավ, քնեց, հետո՞։ Մենք առաջարկում ենք ստեղծել ժամանցի կենտրոններ, մշակույթի տուն, կինոթատրոն, ակտիվ հանգստի հետ կապված ամեն ինչ: Ունենք փոքր լիճ, կարող ենք փոքրիկ լողափ ստեղծել կամ պարզապես լճի հատվածը բարեկարգվի: Երկու առողջարան կինոդահլիճներ ունեին։ Մեկը քանդել են, վերանորոգելուց հետո՝ վերածել մեծ սրահի, մյուսն էլ Հայաստանի ամենամեծ՝ «Գլաձոր» առողջարանի դահլիճն է` 500 տեղանոց: Սակայն այս առողջարանն էլ տարեկան աշխատում է ընդամենը երեք ամիս՝ ջեռուցման խնդիր ունենալու պատճառով», — ասում է Նարեկ Միրզոյանը։

Նա պատմում է, որ 2017 թվականին ստեղծված «Ջերմուկ թրավել» զբոսաշրջային հարթակում հավաքել էին Ջերմուկի մասին պատմող ամբողջ տեղեկատվությունը` ուր գնալ, որտեղ մնալ, ինչպես սնվել։ Հետագայում «Ջերմուկ թրավել»-ը դառնալու է քաղաքի զբոսաշրջային բրենդը, փոխարենը բացում են Visit Jermuk կայքը։

«Հիմա աշխատում ենք ինֆորմացիոն կենտրոնի ստեղծման ուղղությամբ, հանդիպումներ ենք ունեցել ոլորտի մի շարք պատասխանատուների հետ։ Թղթի վրա ունենք, շենքային հարթակում կլինի կամ ըմպելասրահի մոտ», — ասում է Միրզոյանը։

Արդեն վեց տարի է՝ այստեղ տեղի է ունենում ձնե քանդակների փառատոնը, որը փորձ է ավելի երկարացնել ձմեռային զբոսաշրջային սեզոնը։

Երիտասարդներին գրավելու և նրանց Ջերմուկ բերելու համար Arm Events–ը, Armenia Wellness & SPA Hotel-ը, Visit Jermuk-ը կազմակերպում են գունագեղ Color festival-ը, լինում են այլ փառատոններ, փորձում են զարգացնել էքստրեմալ տուրիզմը։

Ձմեռային տուրիզմի զարգացման համար Ջերմուկի համար լավ նախապայման է 2007 թվականին կառուցված ճոպանուղին, որի երկարությունը 1000 մ է: Ամենաբարձր կետը 2480 մ բարձրության վրա է, որտեղ գործում է ռեստորան-սրճարան: Ճոպանուղին ունի երկու սահուղի` 1450 և 1550 մետր երկարությամբ։

«Սահուղին սիրողական է, բայց մարդիկ գալիս են դրսից, նաև տեղացիներն են դահուկներով սահում։ Մենք ձմեռային փաթեթներ ենք պատրաստել, թե ի՞նչ կարելի է առաջարկել զբոսաշրջիկին ձմռանը։ Տուրօպերատորները վաճառում են մեր փաթեթները», — ասում է Նարեկ Միրզոյանը։

Այնուհանդերձ, Ջերմուկի զարգացման շուրջ խոսակցություններն ավարտվում են Ամուլսարի ու հանքի շուրջ քննարկումներով: Աողջարանային քաղաքի գոյությունը հարցականի տակ է դրվում։

«Երբ սկսվեցին հանքի մասին խոսակցությունները, Ջերմուկի տուրիզմի զարգացման վրա մի հատ սև գիծ քաշվեց։ Ես մի ծանոթ զբոսաշրջիկ գիտեի, որ գալիս էր ամեն տարի: Հիմա չի գալիս, մտնում է բուքինգում մեկնաբանություններ թողնում, որ այնտեղ հանք կա։ Թողնում է իր բացասական կարծիքը, նրան կարդում են նաև մյուսները, և այդպես շարունակ….», — ասում է Նարեկ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Ուրբանիստա թիմի լրագրողները հարցազրույցներ են վերցրել նաև Ջերմուկ քաղաքում գործող հյուրանոցների տնօրեններից ևս, իսկ հարցազրույցը կարող եք կարդալ urbnews.com կայքում: