Ջերմուկը կատարյալ վայր է խաղաղ հանգիստ անցկացնելու համար։ Պետք է խոստովանել, որ ասածի մեջ ճշմարտություն կա, քանի որ քաղաքում չկան աղմկոտ հաստատություններ, զբոսաշրջիկների մեծ հոսք, գերբեռնված երթևեկություն, այստեղ լուռ է ու խաղաղ, ինչպես և պետք է լինի առողջարանային կենտրոնում։
 
Առողջարանի ամենահետաքրքիր վայրերից է հանքային ջրով գեյզերը, որն այնպիսի ուժգնությամբ է դուրս հորդում, որ առանց երկմտելու կարելի է գեյզեր-ջակուզի անվանել։
 
Ճանապարհն անցնում է սարերով ու խիտ անտառներով, գետերով ու ձորերով։ Մի խոսքով` գեյզերին հասնելու համար պետք է իսկական սաֆարի-ճամփորդություն կատարել։ Էքստրիմի սիրահարներն հաստատ դուր կգա ուղևորությունը, բայց ճամփա ընկնելուց առաջ լավ կլինի մի պահ մտածել` պատրաստ եք հաղթահարել այդ փորձությունները, թե ոչ։ Սեփական մեքենայով գեյզերին հասնելու փոխարեն ճիշտ կլինի օգտվել փորձառու վարորդների ծառայություններից, որոնք բավականին մեծ գումարով ձեզ տեղ կհասցնեն իրենց ամենագնացներով։
 
Ավելի լուրջ էքստրիմի սիրահարներին Ջերմուկն ուրիշ առաջարկ ունի։ Օրինակ` բաջի — ջամփինգ։ Այստեղ հիմա կարելի է գլխապտույտ թռիչք կատարել 85 մետր բարձրությունից, սակայն պետք է հիշել, որ այս «ատրակցիոնը» մշտապես չի գործում, այլ միայն որոշակի միջոցառումների կամ խմբային պատվերների դեպքում։
 
Այստեղ ձմռանն էլ չեք ձանձրանա։ Լեռնադահուկային երթուղին, ինչպես տեղացիներն են պատմում, պետք է անցներ անտառով ու մի քանի անգամ ավելի երկար լիներ։ Բայց ինչ-ինչ պատճառներով այն կառուցվեց ուղիղ գծով ու զառիթափ լեռան վրա։ Ու ստացվեց այնպես, որ այդ ճանապարհը չի կարող հաղթահարել անգամ փորձառու դահուկորդը։ Փոխարենը էքստրիմի իսկական սիրահարները, ձմռանը Ջերմուկ մեկնելով, չեն թաքցնում հիացմունքը` նշելով, որ այն որոշ առումով ստվերում է թողնում լեռնադահուկային կենտրոն համարվող Ծաղկաձորը։
 
Իսկ ի՞նչ անեն ռոմանտիկները
 
Ջերմուկում ժամանցի լավագույն տարբերակը եղել ու մնում են զբոսանքները։ Հատկապես հաճելի է զբոսնել լուսաբացին, երբ հարուստ բնությունը նոր-նոր է արթնանում` քնքշորեն շոյելով առավոտյան թարմությամբ, իսկ երեկոյան այդ ամենը յուրահատուկ հմայք է ստանում լուսնի լույսի ներքո։
 
Գեղատեսիլ Ջերմուկում բազմաթիվ ջրվեժներ կան։ Ամենասիրունն ու յուրահատուկը «Ջրահարսի վարսերն» է, որի բարձրությունը 70 մետր է, իսկ ջուրը բուժիչ հատկություններ ունի, ինչպես առողջարանային քաղաքի բոլոր ջրերը։ Հենց հանքային ջրի բարձր որակի պատճառով, որի հատկությունները մոտ են հայտնի Կարլովի Վարիի ջրերի հատկություններին, այս քաղաքը Խորհրդային Միության ամենահայտնի քաղաքներից էր։ Ի դեպ, ճաշելուց առաջ պետք չէ մոռանալ մտնել այսպես կոչված «Հանքաջրային ցուցահանդես», որը գտնվում է քաղաքի առողջարանային համալիրներից մեկի հարևանությամբ։ Հանքային ջրերի ծորակներից յուրաքանչյուրը մյուսից տարբեր է ու ավելի տաք, քան նախորդը։